Մատչելիության հղումներ

Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդը»


Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2012 թվականի առաջին ինը ամիսների կտրվածքով Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցանկը, որն այս տարի գլխավորում է նախորդ տարի երկրորդ տեղը զբաղեցրած «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ վճարած 22.6 միլիարդ դրամի հարկերով:

Անցած 2011 թվականի համեմատ, «ՀայՌուսագզարդի» վճարած հարկերի ծավալն աճել է մոտ 42 տոկոսով: Մեկնաբանելով նման կտրուկ աճը, մասնավորապես պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ չէ գազի գնի փաստացի ավելացմամբ, ինչի արդյունքում, համապատասխանաբար, աճել են հարկերը, «ՀայՌուսգազարդից» փոխանցեցին, որ ընկերությունը հարկերը վճարում է ոչ թե սահմանի վրա ներմուծված, այլ իրացված գազի ծավալներից: Նաեւ պարզաբանեցին, որ նախ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.3 տոկոսով աճել են գազի սպառման ծավալները, բացի այդ «ՀայՌուսգազարդի» հարկերի աճի մեջ էական է եղել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էնեգաբլոկում արտադրված էներգիայի իրացման հանգամանքը:

Երկրորդ տեղում անցած տարվա առաջատարն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ մոտ 16.5 միլիարդ դրամով: Ընկերության վճարած հարկերի ծավալն այս տարի նվազել է 27 տոկոսով:

Առաջին տասնյակի մյուս ընկերություններն են հաջորդաբար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» (վճարած հարկերը 13.5 միլիարդ դրամ), «Ղ-Տելեկոմը» (13.3 միլիարդ դրամ ), «Արմենտելը» (9.7 միլիարդ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (7.9 միլիարդ դրամ), «Սիթի պետրոլ գրուպը» (7.1 միլիարդ դրամ), Հայաստանի էլեկտրական ցանցերը (6.9 միլիարդ դրամ), «Դինո գոլդ մայնինգ քոմփնին» (5.6 միլիարդ դրամ) եւ Հայաստանի ատոմակայանը (4.6 միլիարդ դրամ): Ատոմակայանի վճարած հարկերի ծավալն, ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 24 տոկոսով:

Անցած տարվա առաջին տասնյակից դուրս է մղվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը: Տասնյակից դուրս է մղվել նաեւ ծխախոտ ներմուծող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը, որի վճարած հարկերի ծավալը, չնայած այդ հանգամանքին, աճել է 9.4 տոկոսով:

Խոշոր հարկատուների ցանկի ուշագրավ նորություններից է 12-րդ տեղը զբաղեցնող «Սամ-Սեր գրուպ» կոչվող ընկերությունը՝ վճարած 4.6 միլիարդ դրամի հարկերով։ Նախորդ տարիներին այս ընկերությունը հարկատուների ցուցակներից ընդհանրապես բացակայել է: «Սամ-Սեր գրուպի» անունը հայտնի դարձավ գոմեշի մսի ներկրման աղմկահարույց պատմության հետ կապված: Այն ներկրողներից մեկն էր, եւ ըստ կառավարության տեղեկագրի՝ ընկերությանը բաժին է ընկել ներկրման ընդհանուր ծավալի 13 տոկոսը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնը հարկատուների ցուցակում զբաղեցնում է 263-րդ, Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը` 93-րդ, իսկ «Մուլտի լեոն» ընկերությունը` 230-րդ տեղը:

«168 ժամ» թերթի տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով հարկատուների ցանկը, նշեց, թե անցած տարվա համեմատ ընդհանուր օրինաչափությունից շեղումներ առանձնապես չեն եղել: Մեկնաբանը, սակայն, մի էական հանգամանք է մատնանշում. - «Ընդհանուր հարկային եկամուտների մեջ խոշոր հարկատուները իրենց վճարած հարկերով մոտավորապես 74 տոկոսն են կազմում, այսինքն կարող ենք ասել, որ մեր բյուջեի ¾-ը ապահովում է խոշոր բիզնեսը: Դա մի կողմից, եթե ասում ենք փոքր բիզնեսի վրա բեռ չի ընկնում, դրական է, բայց մյուս կողմից` ցույց է տալիս, որ փոքր բիզնեսի դերը մեր տնտեսության մեջ շատ քիչ է»:

Բոլոր տնտեսվարողների վճարած հարկերը ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին կազմել են 534.1 միլիարդ դրամ, ինչը մոտ 10 տոկոսով ավելի է 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

1000 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում բոլոր հարկատուների վճարած հարկերի մոտ 74 տոկոսը: Առաջին 100 հարկատուների վճարած հարկերի կշիռը բոլոր հարկատուների վճարումների մեջ կազմում է մոտ 47 տոկոս: Միայն 10 խոշորագույն հարկատուների կշիռը ընդհանուր վճարումների մեջ կազմում է 20 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG