Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատները» ճշգրտում է իր մարտավարությունը


«Ազատ դեմոկրատները» ճշգրտում է իր մարտավարությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այս պահին ճշգրտում է իր ռազմավարությունն ու մարտավարությունը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Ժառանգությունն» ու Ազատ դեմոկրատները» խորհրդարանական ընտրություններին հանդես եկան դաշինքով եւ պայմանավորվել էին, որ եթե «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ապա «Ազատ դեմոկրատները» կսատարի նրան: Սակայն օրեր առաջ նույն ցուցակով խորհրդարան մտած երկու քաղաքական ուժերը պաշտոնապես հայտարարեցին համագործակցության ավարտի մասին` կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի` մանդատը վայր չդնելու պատճառով առաջացած հակասություններից հետո։

Հարցին, թե այսօր «Ազատ դեմոկրատները» հակվա՞ծ է պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, ով արդեն հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, Արզումանյանը պատասխանեց. - ««Ազատ դեմոկրատները» հակված է շարունակել այն ընդհանրական ծրագրի ներքո գործել, որով մենք հանդես ենք եկել խորհրդարանական ընտրություններում. մենք եւ «Ժառանգությունը» ընդհանուր ծրագիր ենք ներկայացրել եւ շարունակելու ենք այդ ծրագրի ներքո գործել: Իսկ ինչպիսի մարտավարություն կընտրվի զուտ ընտրություններից առաջ, պարզ կլինի մասնակիցներից, թե ով ինչ ծրագիր կներկայացնի, ինչպիսի հնարավոր միավորումներ կարող են լինել: Մի բան կարելի է ասել, որ «Ազատ դեմոկրատները» բացառում են իշխանական թեկնածուի պաշտպանությունը կամ իշխանական որեւէ պրոյեկտի մասնակցությունը»:

Այդուհանդերձ, Արզումանյանը չի բացառում, որ կարող են սատարել «Ժառանգության» առաջնորդին:

«Չենք բացառում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր գործիչ է, եւ տեսնենք ինչ ծրագրով կներկայանա, եւ ինչ քննարկումներ կլինեն... մենք բաց ենք քննարկումների համար եւ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ անցկացնում ենք շատ ինտենսիվ խորհրդակցություններ», - ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ «Ազատ դեմոկրատները» կարող է սեփական թեկնածուով հանդես գալ ընտրություններին, Արզումանյանը պատասխանեց. - «Դա էլ կա օրակարգում, քննարկվում է թե մասնակցության ձեւաչափը, թե այլ հարցեր: Բոլոր հնարավորությունները դեռեւս սեղանի վրա են»:

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի առաջադրելիք թեկնածուին սատարելու հարցին, ապա Ալեքսանդր Արզումանյանի խոսքով` դա կախված է թեկնածուի ծրագրից:

«Գիտենք, որ ՀԱԿ-ը գաղափարական դաշինք չէ, կան տարբեր ուղղություններ ներկայացնող թեկնածուներ: Եթե ՀԱԿ-ի թեկնածուն լինի լիբերալ դաշտը ներկայացնող մեկը, որի ծրագիրը համահունչ կլինի մեր ծրագրային դրույթներին, իհարկե, անպայման կքննարկենք, որովհետեւ ՀԱԿ-ը նույնպես ընդդիմադիր ուժ է», - ասաց նա:

Արզումանյանն ասում է` ցանկալի է, որ առաջիկա ընտրություններում ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով, բայց դա անհրաժեշտ պայման չէ:

«Փորձը ցույց է տալիս, որ դա չի ստացվում մեր իրականության մեջ: Համենայնդեպս, շատ կարեւոր կլինի, եթե ընդդիմադիր գործիչները, եթե նույնիսկ առանձին-առանձին մասնակցեն, կարողանան ողջ ընդդիմադիր էլեկտորատի ձայները ստանալ եւ պաշտպանել այդ ձայները, ինչը երկրորդ փուլի անցկացման հնարավորություն կտա, որից առաջ անհրաժեշտ կլինի հանդես գալ միասնական թեկնածուով», - ասաց Արզումանյանը:

«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչն ասաց, որ չի մտածել նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG