Մատչելիության հղումներ

Պետական կառույցներում ստուգումներ են սպասվում


ՀՀ նախագահի նստավայրը, արխիվ
ՀՀ նախագահի նստավայրը, արխիվ

Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայությունը առաջիկայում ստուգումներ է անցկացնելու պետական այլ կառույցներում նույնպես:

Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայությունը առաջիկայում ստուգումներ է անցկացնելու պետական այլ կառույցներում նույնպես: Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին այդ մասին տեղեկացրեց Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Նա հավելեց, թե ներկայում իր գլխավորած ծառայությունը ստուգումներ է անցկացնում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:

«Նախագահը հանձնարարություն տվել է առայժմ Սննդի անվտանգության ծառայությունում։ Մենք հիմա այնտեղ ենք, բայց այնտեղ ոչ թե բացահայտումների խնդիր ունենք, այլ խնդիր ունենք համակարգային աշխատանքի», - նշեց Հովսեփյանը։

Վերջին շրջանում նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ անցկացրեց պետական տարբեր մարմիններում, ինչի արդյունքում հայտանբերվեցին մի շարք լուրջ բացթողումներ առաղջապահության, պետական գնումների ոլորտներում, դատախազությունում։

Օգտվելով առիթից` Հովհաննես Հովսեփյանին հարցեր ուղեցինք` վերջին շրջանում լրատվամիջոցներում իր անվան հետ կապված հրապարակումների հետ:

Այսպես` Hetq.Am-ի փոխանցմամբ, «Գապբնակշին» եւ «Վիզկոն» ընկերությունները Երեւանի Արամի փողոցում բազմաբնակարան շենքեր են կառուցել ու բնակարանները հատկացրել էին ոչ թե այդտեղ նախկինում տներ ունեցող ու բնակվող շուրջ երեք տասնյակ ընտանքիների, ինչը պարտավոր էին անել, այլ վաճառել բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների: Ըստ հրապարակման, այդ ամենի արդյունքում տարածքի նախկին բնակիչները չեն կարողանում տեր կանգնել իրենց ունեցվածքին, քանի որ բնակարանների տերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ըստ Hetq.Am-ի, միայն Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը միայն Արամի 72-80 հասցեում գտնվող նորակառույցում ձեռք է բերել շուրջ հինգ տասնյակի հասնող բնակարաններ, ավտոտնակներ եւ բիզնես տարածք:

Մեզ հետ զրույյցում Հովհաննես Հովսեփյանը հայտարարեց, թե նշվածը չի համապատասխանում իրականությանը ու միաժամանակ հավելեց, որ չի էլ պատրաստվում դատի տալ տեղեկությունը հրապարակած լրատվամիջոցին:

Շատրվաններից Ռուսաստանի հիմնը հնչել է


Հովսեփյանի անունը օրերս կրկին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Zham.Am-ի հրապարակման համաձայն, Հովհաննես Հովսեփյանի հրավերով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Կոնստանտին Չույչենկոյի այցի ընթացքում Ռուսաստանից ժամանած հյուրի պատվին Հովսեփյանը խնջույք է կազմակերպել, ինչից հետո Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը կապվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ու «պատվիրել, որ Հանրապետության հրապարակի երգող շատրվանները հնչեցնեն Ռուսաստանի օրհներգը` ի պատիվ իր հյուրի, ինչը եւ տեղի է ունեցել, ընդ որում` գիշերվա ժամը 1-ին»:

Այս առնչությամբ Հովսեփյանը մեկնաբանեց․ - «Շատրվանները միացրած են եղել։ Մենք ուղղակի մոտեցել ենք շատրվաններին 11։30»։

Մեր հարցին՝ Ռուսաստանի հիմնը հնչե՞լ է, պաշտոնյան արձագանքեց․ - «Ո՛չ, Հայաստանի, հետո Ռուսաստանի, հետո Արամ Խաչատրյան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG