Մատչելիության հղումներ

Ընտրությունների օրը կարող է նաեւ սահմանադրական հանրաքվե անցկացվել


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին առաջիկայում կարող է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել։

«Իմ ցանկությունն է, որպեսզի նախագահական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ» կուսակցությունը աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Դա իմ ցանկությունն է, իսկ որոշելիքը՝ իրենցն է։ Իմ նպատակն է՝ համերաշխ գնանք նախագահական ընտրությունների», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովիկ Աբրահամյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանին սատարելու համար այժմ բանակցություններ ընթանում են ԲՀԿ-ի հետ, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե պաշտոնական քննարկումներ չկան, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում եւ կլինեն քննարկումներ։

ԱԺ խոսնակը հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե սատարի Սերժ Սարգսյանին, այլ հենց ինքն առաջադրվի որպես նախագահի թեկնածու։

«Նոստրադամուսը չեմ։ Ես այդպիսի կարծիքներ չեմ ուզում ասել, որը չունի որեւէ հիմնավորում», - նշեց նա։

Քանի որ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, թե իր համար կարեւոր է, որպեսզի քաղաքական ուժերը համերաշխ գնան նախագահական ընտրություններին, լրագրողները հարցրեցին, թե հանուն այդ համերաշխության ի՞նչ կարող է Հանրապետականը առաջարկել «Բարգավաճ Հայաստան»-ին՝ հատկապես որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը վերջին շրջանում կարծես թե ավելի համերաշխ է ընդդիմության, տվյալ դեպքում՝ ՀԱԿ-ի հետ։

ԱԺ խոսնակն արձագանքեց․ - «Դա մեզ չի վախեցնում՝ այդ համերաշխությունը, եւ դա ոչ միայն վերաբերում է «Բարգավաճ»-ին, այլ վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, որ մենք պատրաստ ենք համագործակցել նախագահական ընտրություններում։ Ուղղակի ողջամիտ յուրաքանչյուր առաջարկություն մեզ համար կարող է լինել ընդունելի, քննարկելի, բայց դա չի կարող լինել մեր արժանապատվության հաշվին»։

Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ հաջորդ տարի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ միասին կարող է անցկացվել նաեւ սահմանադրական հանրաքվե։

Հիշեցնենք՝ այդ մասին առաջինը խոսել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասելով, թե սահմանադրական հանրաքվեի միջոցով փոխվարչապետերի թիվն ավելացնելու հարցը օրակարգում է եւ դրա շուրջ քննարկումներ են ընթանում։

Նկատենք, որ մամուլը, վերջին շրջանում անդրադառնալով այս թեմային, գրում է, որ Կառավարության կազմում փոխվարչապետերի քանակը ավելացվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, իսկ այդ համագործակցության արդյունքում ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։

«Մենք կուսակցությունում քննարկել ենք նման հարց։ Չի բացառվում, որ նախագահական ընտրությունների հետ նաեւ մենք կազմակերպենք Սահմանադրության փոփոխություն», - նշեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահական ընտրություններում ինքն է լինելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե Հանրապետական կուսակցությունում նման հարց չեն քննարկել, բայց այդ ուղղությամբ ինքը ունի բավական մեծ փորձ եւ չի բացառվում, որ հենց ինքն էլ ղեկավարի շտաբը։

Հովիկ Աբրահամյանն այսօր հրավիրած ասուլիսում հաստատեց, որ երկու օր առաջ Չեխիայից Երեւան վերադառնալու ճանապարհին պատահաբար ինքնաթիռում հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ազգային ժողովի խոսնակը հավաստիացրեց, թե հանդիպման համար որեւէ նախնական պայմանավորվածություն չի եղել եւ թռիչքի ընթացքում էլ քաղաքականության հետ կապված որեւէ հարց չեն քննարկել։

«Ես, պատվիրակության հետ միասին, ինքնաթիռում նստած էինք, եւ ներս մտավ պարոն Քոչարյանը եւ որտեղ որ նստած էր պարոն Զաքարյան Արտակը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, հարգելով երկրի նախկին նախագահին, իր տեղը առաջարկեց՝ պարոն Քոչարյանը նստեց իմ կողքը եւ մենք զրույց ենք ունեցել, որը ընդհանրապես չի վերաբերել քաղաքական որեւէ ձեւաչափի։ Հարցրել է՝ ո՞նց անցան մեր հանդիպումները Չեխիայում։ Ասացի, որ շատ ջերմ, պատմեցի, եւ որեւէ այլ հարց չի քննարկվել իմ եւ Քոչարյանի միջեւ, որեւէ պայմանավորվածություն չի եղել», - մանրամասնեց Հովիկ Աբրահամյանը։

Քանի որ խոսվեց Ռոբերտ Քոչարյանի մասին, լրագրողները խնդրեցին Ազգային ժողովի նախագահին արձագանքել նաեւ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահն ասել էր, թե խորհրդարանը վարկաբեկեց ինքն իրեն։

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց․ - «Ես համամիտ չեմ, որ դա վարկաբեկում է մեր խորհրդարանին եւ ես համոզված եմ, որ մենք տվել ենք հնարավորություն իրավապահ մարմիններին, որպեսզի իրենք իրականացնեն իրենց քննչական գործունեությունը, եւ եթե որեւէ մեկը, այդ թվում նաեւ Վարդան Օսկանյանը արդար է, ի՞նչ մտավախություն կա։ Թող քննչական գործողությունների ընթացքում պարզաբանվի, որ ինքը արդար է եւ որեւէ խնդիր չկա։ Որեւէ քաղաքական խնդիր այստեղ չի եղել եւ չի էլ լինելու եւ չեմ էլ տեսնում ես։ Ովքեր փորձում են շահարկել, որ դա քաղաքական գործընթացներ են, ես դեմ եմ, համամիտ չեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG