Մատչելիության հղումներ

Օբամա-Ռոմնի` նախընտրական վերջին ճիգերը


ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին չորս օր է մնում, Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին ջանքեր են գործադրում ընտրողների աջակցությունը շահելու համար։


Այսօրվա դրությամբ միանշանակ առաջատար չկա



Թեկնածուները վերջին հանդիպումներ են անցկացնում «չկողմնորոշված ընտրողներով» նահանգներում։

Հարցումները վկայում են, որ Օբամայի եւ Ռոմնիի վարկանիշներն այսօր գրեթե հավասար են։ Աննշան առավելություն ունի գործող նախագահը, ինչին որոշ չափով նպաստել է «Սենդի» փոթորկի օրերին Օբամայի ակտիվ աշխատանքը եւ այցերն աղետից տուժած շրջանները։

«Սենդի» փոթորկի պատճառով քարոզարշավը մի քանի օրով ընդհատվել էր, իսկ հիմա դեմոկրատական Օբաման ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Վիսկոնսինում ու Նեւադայում, իսկ հանրապետական Ռոմնին` Վիրջինիայում։

Երկուսն էլ ասում են, որ «եկել է փոփոխությունների ժամանակը»։

Դոսուել ավանում Ռոմնին նորից սկսել է քննադատել գործող նախագահին։ Նա ասել է. - «Բոլորդ գիտակցում եք, թե ինչ կարեւոր նշանակություն ունի այս ընտրությունը։ Գիտեմ, որ ոմանք ենթադրում են, թե երկրիը պետք է շարունակի այսօրվա ուղին։ Բայց չեմ կարծում, որ ստատուս քվոն Ամերիկայի համար ճիշտ է։ Ես հավատում եմ, որ Ամերիկային իրական փոփոխություն է պետք, դա ժամանակին ձեզ խոստացել ենք, եւ մենք այդ փոփոխությունը կտանք Ամերիկայի ժողովրդին»։

Օբաման, իր հերթին, ասել է, թե Ռոմնին ընդամենը ցանկանում է վերադառնալ Ջորջ Բուշի քաղաքականությանը. - «Նա փոփոխություն է խոստանում։ Թույլ տվեք ասեմ` այստեղ Վիսկոնսինում մենք լավ գիտեք, թե նրա ասածն ինչ է: Այն, ինչ նա առաջարկում է` փոփոխություն չէ»։


Ընտրիչների կոլեգիա

Միացյալ Նահանգներում նախագահը եւ փոխնախագահն ընտրվում են ոչ թե բնակիչների անմիջական քվեարկությամբ, այլ «ընտրիչների կոլեգիայի» կողմից։

Այդ կառույցում կա 538 անդամ, ինչը հավասար է Կոնգրեսի անդամների թվին` Ներկայացուցիչների պալատում` 435, Սենատում` 100, Կոլումբիայի առանձնատարածքից` 3։

Իրավական մեխանիզմն այսպիսին է. ընտրողն ընտրիչին պատգամում է ընտրել այս կամ այն թեկնածուին։ Գրեթե բոլոր նահանգներում թեկնածուն, ով շահել է քաղաքացիների քվեների մեծամասնությունը` վաստակում է այդ նահանգի բոլոր ընտրիչների ձայները։

Նախագահ ընտրվելու համար թեկնածուն պետք է Ընտրիչների կոլեգիայում ապահովի առնվազն 270 ձայն։

Յուրաքանչյուր ընտրիչ ընտրություններից հետո մեկ քվե տալիս է նախագահին, մեկը` փոխնախագահին, ընդ որում, ընտրիչն, ըստ օրենքի, պարտավորված չէ կատարել ընտրող քաղաքացու պատգամը, բայց գործնականում կոլեգիան արտահայտում է քաղաքացիների կամքը։

Տեսականորեն երկու թեկնածուները կարող են ստանալ ընտրիչների հավասար ձայներ, այդ դեպքում նախագահին ընտրում է Ներկայացուցիչների պալատը։ Այդպես է պատահել 1800 եւ 1824 թվականներին։


Ժողովրդի քվեն ուղղակի ազդեցություն չունի

1876, 1888 եւ 2000 թվականներին ընտրիչները նախագահ են հռչակել ժողովրդի կողմից ստացած ընդհանուր քվեների թվով մրցակցին զիջած թեկնածուին։

2000 թվականին կրտսեր Ջորջ Բուշը ստացել էր ընտրողների քվեների 57,9 տոկոսը, իսկ Ալ Գորը` 48,4 տոկոսը։ Կես միլիոնից ավելի շատ ձայն վաստակած Գորը պարտվել էր Բուշին։


Համակարգի ընդդիմախոսներ եւ աջակիցներ

Այս համակարգի ընդդիմախոսների կարծիքով, կոլեգիան իր էությամբ հակադեմոկրատական է, քանի որ արդյունքը կախված է մնում «չկողմնորոշված» նահանգներից։

Ընտրիչների կոլեգիայի աջակիցներն, իրենց հերթին, պնդում են, որ այդ մարմինը շատ կարեւոր է, քանի որ պաշտպանում է երկրի ֆեդերալիզմի հիմքը եւ փոքր նահանգների հավասարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG