Մատչելիության հղումներ

Կառավարությունը չի կարող փոխհատուցել հաշմանդամ դարձած օդաչուներին


Աշխատանքի ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուները բողոքում են նախագահական նստավայրի դիմաց, արխիվ
Աշխատանքի ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուները բողոքում են նախագահական նստավայրի դիմաց, արխիվ
Կառավարությունը չի կարող փոխանցել «Հայկական ավիաուղիներ» ընկերությունում աշխատանքի ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուների հիվանդության համար վճարվող գումարները:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը: Պաշտոնյան ասում է, որ օդաչուները պետք է սպասեն, մինչեւ վաճառվի 2004 թվականին սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիների» գույքը` անիրատեսական համարելով կառավարության առջեւ նման պահանջ դնելը: Նա կարծում է, որ եթե այդպես լինի, ապա խորհրդային իշխանության կողմից հիմնադրված եւ հետագայում սնանկ ճանաչված բոլոր հիմնարկների փոխարեն պետք է կառավարությունը փոխհատուցեր:

«Եթե մասնավոր ընկերության շահույթը կառավարությունը չի տիրապետում, ինչո՞ւ պիտի կառավարությունը պարտավորությունները կրի», - ասում է Հակոբյանը:

Օդաչուները, սակայն, շարունակում են պնդել, որ խորհրդային իշխանությունների հիմնադրած «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն այնքան քիչ գույք ունի, որ դրա վաճառքից գոյացած գումարներով հնարավոր է միայն մեկ տարվա գումար վճարել:

Աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն այսօր այս պահանջով պաստառներով հավաքվել էին նախագահական նստավայրի առջեւ: Պնդում են, որ 2006 թվականից զրկվել են ամենամսյա գումարներից:

«Վերականգնեք մեր իրավունքները, մենք ինչո՞ւ ենք այսօր էստեղ..., նախագահն է մեր սահմանադրական իրավունքների երաշխավորը, դե, տեր եղե'ք ձեր ստեղծած օրենքներին, ոչ թե անտերի պես գցեք փողոցները», - ասում էր ակցիային մասնակցող օդաչուներից մեկը:

72-ամյա Վանիկ Մայիլյանն էլ ասում է, որ մինչ ընկերության սնանկացումը կորցրած առողջության համար ամեն ամիս 40 հազար դրամ էր ստանում:

«Ես ինքնաթիռի վրա աշխատանք կատարելու ժամանակ աստիճանից ընկել եմ ցած, գլուխս վիրահատել են, հազիվ եմ ողջ մնացել, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, հիշողությունս կորցրել եմ: Պետական առաջադրանք կատարելով հաշմանդամ եմ դարձել, ուրեմն պետությունը պարտավոր է փոխհատուցում վճարել: Վեց տարի է մենք փոխհատուցում չենք ստանում», - ասում էր Մայիլյանը:

Նախկին օդաչուները ցավով ասում են, որ իրենց ընկերների մի մասն արդեն մահացել է, եւ եթե կառավարությունը ցանկանա, առողջությունը աշխատանքի ժամանակ կորցրած տարեց մարդկանց կարող է փոխհատուցել:

«110 հոգուց մնացել ենք 67 հոգի, ուզում են, որ բոլորս մահանանք, գնանք, պրծնեն», - ասում էին նրանք:

Քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչը ասում է, որ «Հայկական ավիաուղիների» սնանկության գործընթացն ավարտված չէ, Սեւանում հողատարածք կա, կվաճառեն ու կվճարեն նրանց:

«Կառավարությունը` ի դեմս Քաղավիացիայի վարչության, մշտապես սատարել է այդ գործընթացներին, որ հնարավոր լինի օտարումը կազմակերպել, օտարումից առավելագույնս գումարներ լինեն, որպեսզի հնարավոր լինի ինչքան կարելի է շատ հատուցել այդ մարդկանց», - ասաց Սահակ Հակոբյանը:

Հակոբյանի փոխանցմամբ` ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 8 տարի առաջ սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիների» իրավահաջորդը չէ, հետեւաբար «Արմավիան» պարտավոր չէ վճարել «Հայկական ավիաուղիների» փոխարեն: Եթե ընկերությունը սնանկ չճանաչվեր, ապա ավելի քան 100 հաշմանդամ օդաչուների պետք է ցմահ փոխհատուցեր կորցրած առողջության համար: Մինչդեռ սնանկ ճանաչելու պարագայում ընկերությունը կվճարի այնքան, որքան գումար ունենա:

Օդաչուներից ոմանք «Հայկական ավիաուղիների» սնանկ ճանաչելու գործընթացը կեղծ են համարում. - «Հինգ միլիոն դոլարով ինչո՞ւ տվեցիք «Հայկական ավիաուղիները» ուրիշներին, երբ որ դա արժեր 200-250 միլիոն: Ի՞նչ հիմունքներով…»:

Օդաչուներն ասում են, որ պատրաստվում են դիմել դատարան: Ասում են նաեւ, որ նախագահականում իրենց խոստացել են լուծել այս հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG