Մատչելիության հղումներ

Իրանի ազգային արժույթի անկումը ֆուտբոլային խնդիրներ է առաջացնում


Իրանի հավաքականի հայազգի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը, արխիվ
Իրանի հավաքականի հայազգի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը, արխիվ

Անդրանիկ Թեյմուրյանը, մասնավորապես, տեղափոխվել է Քաթար` միաժամանակ մնալով Իրանի ազգային հավաքականում։

Իրանի ազգային արժույթի` ռիալի անկումը ազդեցություն է թողնում նաեւ ֆուտբոլի վրա: Լավագույն ֆուտբոլիստները տեղափոխվում են հարեւան երկրների ակումբներ, բայց տեղափոխությունների արդյունքում կորցնում են իրենց տեղը Իրանի ազգային հավաքականում:

Այս խնդրին անդրադարձել է գերմանական DPA գործակալությունը` նշելով, որ բացառություններ լինում են։ Մասնավորապես` հայազգի ֆուտբոլիստը կարողացել է երկու նպատակներին հասնել. կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը բարձր ու կայուն աշխատավարձի համար տեղափոխվել է Քաթար, միաժամանակ մնացել է Իրանի ազգային հավաքականում:

Իրանի ազգային արժույթի անկումը արդեն ավելի քան 10 ամիս շարունակվում է: Իրանցի լրագրողները գերմանական գործակալությանը բացատրել են, որ արտասահմանցի ֆուտբոլիստները երկար ժամանակ չեն վարձատրվում ռիալի ճգնաժամի պատճառով:

Իրանի ֆուտբոլային ակումբների բյուջեն կազմվում է ազգային արժույթով, բայց օտարերկրյա ֆուտբոլիստները, մարզիչները վարձատրվում են դոլարով: Քանի որ ռիալի արժեզրկմանը զուգահեռ դոլարի փոխարժեքը բարձրանում է, երբեմն փոխարժեքի շատ կտրուկ, թռիչքային փոփոխություններ են արձանագրվում, Իրանի ֆուտբոլային ակումբները չեն կարողանում դոլարով վարձատրել դրսից եկած ֆուտբոլիստներին ու մարզիչներին:

Անցած շաբաթ Իրանից հեռացել է Թեհրանի «Էսթեղլալ» ակումբի մարզիչը` 33-ամյա բրազիլացի Ֆաբիո Ջանուարիոն։ Facebook-ի իր էջում նա ներողութուն է խնդրել ակումբի երկրպագուներից: Բայց քանի որ երկար ժամանակ չի վարձատրվել` Ջանուարիոն, ինչպես նաեւ նրա թիմակից Ռոդրիգո Տոսին, մտադիր են ակումբի դեմ ֆինանսական հայց ներկայացել ՖԻՖԱ:

Իրանի ազգային հավաքականը մարզում է պորտուգալացի մարզիչ 59-ամյա Կարլոս Կուեյրոզը: Իրանում հույսեր են կապում, որ հայտնի մարզչի գլխավորությամբ թիմը դուրս կգա ընտրական խմբից ու կմասնակցի 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, դրա համար ամեն գնով ցանկանում են պահել նրան: Կարլոս Կուեյրոզի աշխատավարձը տարեկան 2 միլիոն դոլար է: «Նա իրոք շատ թանկ է ու շատ կարեւոր», - նշում են Իրանի մարզական մեկնաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG