Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը 200 հազար դոլար է փոխանցել սիրիահայերին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Դամասկոսի Հայոց թեմին փոխանցել է 200 հազար դոլար։ Այդ մասին հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր Մայր Աթոռում մեկնարկած Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի ժամանակ։

«Այսօր համայն մեր ժողովրդի հայացքը տագնապով ուղղված է դեպի Սիրիա, որտեղ պատերազմական իրավիճակի բոլոր դժվարությունները կրում է նաեւ հայ համայնքը: Սիրիաբնակ մեր զավակները կարիք ունեն շտապ եւ մեծ օգնության ու սատարումի», - ասել է Վեհափառը եւ հույս հայտնել, որ առաջիկայում թեմերից ակնկալվող օժանդակությամբ Մայր Աթոռը կկարողանա ավելի մեծ գումար փոխանցել սիրիահայության կարիքները հոգալու համար:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Թեմական ներկայացուցչական ժողովին մասնակցում են Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց կաթողիկոսության Հայաստանի եւ Սփյուռքի 32 թեմերի առաջնորդներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ եւ Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Ժողովի 70 մասնակիցները երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ:

Ժողովի օրակարգային հարցերից է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը: «Տարելիցն առանձնահատուկ է, եւ այն պիտի ոգեկոչենք առանձնահատուկ հնչեղությամբ` հանգրվան դարձնելով մեր արդար դատի հաղթանակի ճանապարհին», - ասել է, մասնավորապես, Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG