Մատչելիության հղումներ

«Արմավիան» դեռ չի փոխհատուցել սիրիահայերի մի մասին


Սիրիայի պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերը բողոքում են, թե մոտ երկու ամիս է անցել, բայց Հայաստանի Ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը չի շտապում իրենց վերադարձնել չօգտագործված տոմսերի գումարները:

Ավելի քան մեկուկես ամիս առաջ` սեպտեմբերի 17-ից, «Արմավիան» անորոշ ժամկետով դադարեցրեց Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը: «Արմավիայի» ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին այն ժամանակ հայտնել էր, թե Երեւանից Հալեպ վերադարձողների թիվն այնքան է պակասել, որ իրենք չեն կարող շարունակել թռիչքները: Սակայն եւ Սիրիայում, եւ Հայաստանում բազմաթիվ սիրիահայեր նախօրոք տոմսեր էին գնել, եւ նրանցից շատերը դեռ սպասում են, որ «Արմավիան» կվերադարձնի իրենց գումարները:

«Արմավիա» ավիաընկերությունը, որին պարտքերի պատճառով ժամանակ առ ժամանակ չի սպասարկում «Զվարթնոց» օդանավակայանը, ավելի վաղ հայտարարել էր, թե կփոխհատուցի չօգտագործված տոմսերի գումարը: Սեպտեմբեր ամսվա համար վաճառված տոմսերի գումարները ազգային փոխադրողն արդեն վերադարձրել է, բայց հոկտեմբերի համար դեռ պարտքեր ունի: «Արմավիայից» «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին միայն, որ գումարի գերակշիռ մասը վերադարձրել են, մնացել է փոքր մասը: Ընկերությունը խոստանում է ավելի ուշ հավելյան տեղեկություններ հրապարակել:

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում հարազատներին դիմավորող սիրիահայերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բողոքում էին «Արմավիայից»: Հալեպահայ մի կին պատմում էր, որ Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիուղիներով» են Հայաստան հասել, իսկ մինչ այդ «Արմավիայից» գնած տոմսերն այդպես էլ չեն օգտագործել:

«Մեկ ամիս առաջ «Արմավիայի» թիքեթ էին գնել, մենք չկարողացանք գալ: Հիմա մեր 1400 դոլարը չեն տալիս մեզ: Դիմել ենք իրենց, չեն տալիս: Հալեպից ենք գալիս, գիտեք` վիճակն ինչքան վատ է այնտեղ, 1400 դոլարը ինձ համար այստեղ մեծ բան է, ես իմ գումարն եմ ուզում», - ասում էր կինը:

Թեեւ «Արմավիայի» գրասենյակներից մեկում գրանցել են ոչ իրենց մեղքով տոմսերից չօգտված ուղեւորների անունները եւ խոստացել մոտ ժամանակներս վերադարձնել տոմսերի գումարները, հալեպահայ կնոջը, սակայն, այդ գումարը հիմա է հարկավոր, քանի որ Երեւանում վարձով է բնակվում:

Հալեպահայ Տիգրան Մքուչյանի հարազատները մոտ երկու ամիս առաջ են եկել Հայաստան: Մքուչյանն ասում է, որ իրենք եւս դիմել են «Արմավիայի» գրասենյակ, որտեղ հորդորել են սպասել: Մքուչյանի գործընկերները` Սարգիս Քասարյանն ու Րաֆֆի Քրդոքյանը հավելում են, թե իրենց ծանոթ մոտ 25 սիրիահայեր շարունակում են սպասել իրենց հերթին:

«Ես ընկեր ունեմ, որ հիմա Հայաստանում է, իր ընտանիքին պետք է բերի Սիրիայից, «Արմավիայի» տոմսը այստեղից գնեց, մի քանի օր հետո թռիչքները դադարեցրեցին: Լավ, գոնե փողերը ետ տան, որ գնան «Սիրիական»-ից գնենք, ասում են` փող չկա», - պատմում էր Մքուչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG