Մատչելիության հղումներ

Amnesty International-ը քննադատում է ինտերնետի սահմանափակումները Ադրբեջանում


Ադրբեջան - Բլոգերներ Ադնան Հաջիզադեն եւ Էմին Միլին դատարանի դահլիճում, Բաքու, դեկտեմբեր, 2009թ.։ Երկու բլոգերները ազատ արձակվեցին 2010-ի նոյեմբերին` նրանց ազատազրկմանը միջազգային հանրության կտրուկ հակազդեցության արդյունքում։
Ադրբեջան - Բլոգերներ Ադնան Հաջիզադեն եւ Էմին Միլին դատարանի դահլիճում, Բաքու, դեկտեմբեր, 2009թ.։ Երկու բլոգերները ազատ արձակվեցին 2010-ի նոյեմբերին` նրանց ազատազրկմանը միջազգային հանրության կտրուկ հակազդեցության արդյունքում։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը մեծագույն հեգնանք է որակում ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի անցկացումը Բաքվում։

Նոյեմբերի 6-ին Բաքվում մեկնարկող ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի շեմին աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Amnesty International-ը հատուկ զեկույց է հրապարակել` ի մի բերելով այն բոլոր խախտումներն ու սահմանափակումները, որ թույլ են տվել ադրբեջանական իշխանությունները համացանցում վերջին տարիների ընթացքում:

«Իրոք մեծագույն հեգնանք է, երբ համացանցային կառավարմանը նվիրված միջազգային համաժողովը անցկացվում է Ադրբեջանի նման մի երկրում, որտեղ կառավարությունը վերահսկում է մարդկանց անձնական նամակագրությունը, բանտարկում է բլոգերներին եւ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին հոգեկան հիվանդի պիտակ է փակցնում», - նշում է Amnesty International-ի ներկայացուցիչ Մաքս Թաքերը:

«Անկախության 20 տարիները, տնտեսական բարգավաճումը եւ երկրում տիրող համեմատաբար կայուն վիճակը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում զգալի բարելավման այդպես էլ չհանգեցրին», - նշում են զեկույցի հեղինակները` պնդելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետեւողական քայլեր են իրականացնում մարդկանց ոչ միայն իրական, այլեւ վիրտուալ կյանքը վերահսկելու համար:

«Ինտերնետ ֆորումի անցկացման ողջ հեգնականությունն ավելի է աչքի զարնում, երբ ուսումնասիրում ես այս ոլորտը կարգավորող ադրբեջանական օրենսդրությունն ու դրանում առաջարկվող լրացումները: Կառավարությունն արդեն իսկ ի վիճակի է վերահսկել ադրբեջանցի պրովայդերների կողմից իրականացվող համացանցային գործողություններն ու միջամտել դրանց` առանց այդ նույն պրովայդերներին կամ օգտատետերին տեղյակ պահելու», - նշում են զեկույցի հեղինակները` նկատելով, որ իշխանությունները չեն հրաժարվում ադրբեջանական ինտերնետում շատ ավելի լուրջ սահմանափակումներ մտցնելու գաղափարից. - «Աժմ շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի համաձայն` ինտերնետ հեռարձակում իրականացնող բոլոր հեռուստաալիքներն ու ռադիոկայանները պետք է հատուկ արտոնագիր ստանան հեռահաղորդակցության նախարարությունից»:

Զեկույցի հեղինակները նաեւ հիշեցնում են, որ 2009 թվականի հունվարից «Ազատություն» ռադիոկայանը, BBC-ն եւ «Ամերիկայի ձայն»-ը զրկվեցին Ադրբեջանի տարածքում FM հաճախություններով հեռարձակվելու հնարավորությունից:

Amnesty International-ի իրավապաշտպանները իրենց այս զեկույցում վերջին երկու տարիներին Ադրբեջանում բլոգերների եւ լրագրողների դեմ իրականացված ճնշումների ու քրեական հետապնդման առնվազն 12 դեպք են մատնանշում` վերջում հստակ խորհուրդներ ուղղելով թե՛ Ադրբեջանի կառավարությանը եւ թե՛ միջազգային հանրությանը:

Պաշտոնական Բաքվին Amnesty International-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բացի այդ, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում վերանայել ինտերնետը կարգավորող ազգային օրենսդրությունը` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա այն, ըստ Amnesty International-ի ակտիվիստների, պետք է, մի կողմից, ավելի ակտիվորեն աջակցի Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը, մյուս կողմից էլ` պաշտոնական Բաքվի հետ դիվանագիտական շփումների ընթացքում զգալի ճնշում գործադրի` պահանջելով հարգել մարդու իրավունքներն ու ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG