Մատչելիության հղումներ

Ջերմուկը եւ Կարլովի Վարին կարող են քույր քաղաքներ հռչակվել


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիա` այդ երկրի Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Պրահայի օդանավակայանից պատվիրակությունը ուղեւորվել է Կարլովիվարյան երկրամաս, որտեղ հանդիպումներ է ունեցել Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի եւ նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ:

Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում Աբրահամյանը առաջարկել է գործընկերային հարաբերություններ հաստատել Ջերմուկ եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ կամ քույր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ հայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով եւ ունեն որոշ ընդհանրություններ: Նա Կուլհանեկին առաջարկել է այցելել Հայաստան եւ, մասնավորապես, Ջերմուկ` մոտիկից ծանոթանալու եւ գործակցության ոլորտները նախանշելու համար: Կարլովի Վարիի քաղաքապետը առաջարկը ընդունել է։

Նահանգապետի հետ աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը կարեւորել են տարածաշրջանների միջեւ համագործակցությունը, Աբրահամյանը Նավոտնիին նույնպես առաջարկել է այցելել Հայաստան եւ մարզերից մեկի` մասնավորապես Վայոց Ձորի մարզի հետ համագործակցություն ծավալել: Նահանգապետը ընդունել է առաջարկը եւ խոստացել Կարլովի Վարիի քաղաքապետի հետ անպայման այցելել Հայաստան:

Կարլովի Վարիում հայկական պատվիրակությունը այցելել է համաշխարհային ճանաչում ունեցող «Մոսեր» հախճապակյա արտադրանքների ընկերություն, Յան Բեքեր թանգարան ու Յան Բեքեր-Կարլովսկա Բեքերովկա արտադրության սրահ, ծանոթացել առողջարանային քաղաքի տեսարժան վայրերին, եղել հանքային ջրերի կենտրոնում:

Այսօր նախատեսված են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հանդիպումները Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի, Չեխիա - Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG