Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ամփոփվում են ընտրությունների արդյունքները


Ուկրաինա - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շապովալը (աջից) հրապարակում է ընտրությունների նախնական տվյալները, Կիեւ, 29-ը հոկտեմբերի, 2012թ.
Ուկրաինա - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շապովալը (աջից) հրապարակում է ընտրությունների նախնական տվյալները, Կիեւ, 29-ը հոկտեմբերի, 2012թ.

Առաջատարը նախագահ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունն է։

Տեղամասային հանձնաժողովների կազմած արձանագրությունների մոտ 50 տոկոսի ամփոփման համաձայն` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունը քվեների մոտ 35 տոկոսով հաղթում է նախօրեին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում:

Երկրորդ տեղում` ձայների մոտ 22 տոկոսով, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հիմնադրած «Բատկիվշինա» կուսակցությունն է: Ինքը Տիմոշենկոն, սակայն, չկարողացավ առաջադրվել, քանի որ գտնվում է անազատության մեջ` սեփական բանտարկությունը բնութագրելով որպես քաղաքական հետապնդում:

Ուշագրավ է, որ Ռեգիոնների կուսակցության համամասնական ցուցակի առաջատարը` վարչապետ Նիկոլայ Ազարովը իր ղեկավարած ուժի հաղթանակի մասին հայտարարեց այն պահին, երբ քվեաթերթիկների հաշվարկը չէր էլ մեկնարկել: «Ակնհայտ է, որ Ռեգիոնների կուսակցությունը հաղթում է», - ասաց Ազարովը:

«Բատկիվշինա»-ի համամասնական ցուցակը գլխավորող Արսենի Յացենյուկը նույն ժամերին հայտարարում էր ընդդիմության հաղթանակի մասին` ճիշտ է, վկայակոչելով ընտրատեղամասերի մոտ անցկացված հարցումների արդյունքները։ «Էքզիտ-փոլերից արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմությունը հաղթել է: Այժմ ամենակարեւորը` որպեսզի քվեների հաշվարկն անցնի առանց խախտումների ու կեղծքիքների», - հայտարարեց Յացենյուկը:

Հարկ է նշել, որ երեկվա ընտրությունները եւս մեկ անգամ ի ցույց դրեցին Ուկրաինայի` որպես պետության, կատարյալ պառակտվածությունը: Երկրի արեւմտյան 13 մարզերում եւ մայրաքաղաք Կիեւում համոզիչ հաղթանակ է տոնում ընդդիմադիր «Բատկիվշինա»-ն: Արեւելյան եւ հարավային ռուսալեզու մարզերում, ինչպես նաեւ Ղրիմի ինքնավար հանրապետությունում հաղթում են Ռեգիոնների կուսակցությունն ու կոմունիստները:

Ընտրարշավի հայտնությունը, իսկ շատերի համար` նաեւ տհաճ անակնկալը դարձավ ազգայնականների առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Նրա ղեկավարած «Սվոբոդա» կուսակցության օգտին, այս պահին հրապարակված տվյալների համաձայն, քվեարկել է շուրջ 700 հազար ընտրող` քվեարկողների ավելի քան 8 տոկոսը:

Տյագնիբոկը հայտնի է իր ազգայնական, հակառուսական, հակահրեական, նաեւ հակահայկական հայտարարություններով:

Մի քանի տարի առաջ, երբ Ուկրաինայի արեւելքում գտնվող Մարգանեց արդյունաբերական քաղաքում կենցաղային հողի վրա բախումներ էին տեղի ունեցել տեղաբնակների եւ հայերի միջեւ, Օլեգ Տյագնիբոկի արձագանքը բավական խոսուն էր: «Տեղի ունեցածը զապորոժյան կազակների լավագույն ավանդույթների վերածնման մասին է խոսում», - ասել էր ազգայնականների առաջնորդը` մեկնաբանելով հայերի դեմ քաղաքում արձանագրված հարձակումները:

Ընտրությունների մյուս հայտնությունը բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն էր: Նրա ղեկավարած ՈւԴԱՌ կուսակցությունը, նախնական տվյալների համաձայն, ստացել է քվեների 13 տոկոսը։

«Եթե մի քանի ամիս առաջ ՈւԴԱՌ-ը միայն քմծիծաղ ու ժպիտ էր առաջացնում, ապա այսօր արդեն նման արձագանքի դուք չեք հանդիպի», - նշում էր Կլիչկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG