Մատչելիության հղումներ

Հարի Ռիդի մասնակցությունը ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի հավաքին հարցականի տակ է


ԱՄՆ - Սենատոր Հարի Ռիդը զրուցում է թղթակիցների հետ, արխիվ
ԱՄՆ - Սենատոր Հարի Ռիդը զրուցում է թղթակիցների հետ, արխիվ
ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության ղեկավար, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Հարի Ռիդը կիրակի օրը պետք է մասնակցեր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարեկան համաժողովին, սակայն ուրբաթ օրը կեսօրից հետո ավտովթարի է ենթարկվել: Նա հոսպիտալացվել էր, բայց քանի որ վնասվածքները թեթեւ են, նույն օրը դուրս էր գրվել հիվանդանոցից: Այնուամենայնիվ ,72-ամյա հեղինակավոր սենատորի մասնակցությունը Հայ դատի հանձնախմբի հավաքին հարցականի տակ է:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց ամերիկահայ լրագրող, հրապարակախոս, California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

«Մենք, անձամբ ես, իր հետ անմիջական կապի մեջ ենք: Հիվանդանոցում ստուգվելուց հետո նա հիմա տանն է: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան, բայց նա ցավեր ունի: Եթե ցավերը մեղմանան, կիրակի օրը օդանավով կգա հանդիպմանը, եթե չգա, չկարողանա ներկա լինել, իր խոսքը, իր ելույթը կփոխանցի մեզ», - ասաց Հարութ Սասունյանը:

Հարցին, թե Հայ դատի հանձնախմբի հանդիպումը արդյոք կապ ունի՞ առաջիկա նախագահական ընտրությունների հետ՝ ամերիկահայերի դիրքորոշումը եւս մեկ անգամ ճշտելու առումով, Սասունյանը պատասխանեց. - «Ոչ, սա տարեկան հավաք է: Յուրաքանչյուր տարի այս օրերին է գումարվում, անկախ նրանից՝ ընտրություն կա, թե չկա: Բայց քանի որ այս տարի հավաքը զուգադիպեց եւ անցկացվում է ընտրություններից օրեր առաջ, անշուշտ, հավելյալ կարեւորություն եւ ուշադրություն է ստանում, մասնավորապես նաեւ սենատոր Ռիդի մասնակցության եւ նրա ելույթի առումով»:

Սենատոր Ռիդի մասնակցությունը, ելույթը արդյո՞ք ուղղված է լինելու նախագահական կամ Կոնգրեսի ընտրություններին. այս հարցի կապակցությամբ ամերիկահայ լրագրողը ասաց, թե Ռիդի մասնակցությունը ուղղակի կապ չունի նախագահական կամ այլ ընտրությունների հետ:

«Նա չէր մասնակցելու ոչ որպես նախագահի ներկայացուցիչ, ոչ էլ որեւէ ընտրապայքարի հետ կապված: Նա ցանկանում է հայ համայնքի հյուրը լինել», - ասաց Սասունյանը՝ նշելով, որ նախատեսված է հատուկ մրցանակ հանձնել սենատորին. - «Հայ դատի հանձնախումբը նրան պատիվ է շնորհում՝ հատուկ մի մրցանակ է հանձնվելու, որի անվանումն է Ազատության մրցանակ: Նա իր ողջ կյանքում ազատ խոսքի եւ ազատության ջատագովն է եւ նաեւ ջատագովն է Հայոց ցեղասպանության ճանաչմանը ու պաշտպան է հայանպաստ հարցերի»:

Ինչ վերաբերում է ավելի վաղ արված հայտարարությանը, թե ամերիկահայերը նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությանը չեն աջակցում ո՛չ Բարաք Օբամային, ո՛չ Միթ Ռոմնիին, Հարութ Սասունյանը ասաց. - «Երկու թեկնածուներն էլ արժանի չեն մեր քվեներին, որովհետեւ իրենք հուսախաբ են արել՝ մեկը չի հարգել իր խոստումը, մյուսը նույնիսկ չի ցանկանում մեզ հետ հանդիպել: Այս պարագայում չենք կարող օժանդակել ոչ մեկին, սակայն, ինչպես ասացիք, տակավին 10 օր կա, եթե այս ընթացքում թեկնածուները, կամ նրանցից մեկը, մեզ մոտենա եւ համաձայնության գանք, որն այս վերջին օրերին դժվարին կլինի, բայց եթե այդպիսի հնարավորություն լինի, մենք չէինք ուզենա այդ հնարավորությունից զրկել՝ հայության շահերից ելնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG