Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի մամուլ


Մի շարք թերթեր անդրադարձել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական տարելիցին:

«Ժամանակ»-ը գրում է. - «Ինչպե՞ս կշարժվեր Հայաստանը, եթե չլիներ 27-ը. սա արդեն, մեղմ ասած, չափազանց տեսական հարց է, իսկ պրակտիկ իրականության մեջ Հայաստանը գնաց կլանային, քրեաօլիգարխիկ համակարգի հաստատման եւ բյուրեղացման, քաղաքական առեւտրականների բազմացման, քաղաքականության եւ բիզնեսի հանցավոր սերտաճումը խորացնելու, ընտրակեղծարարությունը կատարելագործելու, երկիրը, Ղարաբաղի հաղթանակը մսխելու, քաղաքացիական ձայնը լռեցնելու ճանապարհով, իսկ այդ ամենի գագաթնակետն էլ դարձավ 2008 թվականի մարտի 1-ը, երբ Երեւանում հանուն իշխանական համակարգի վերարտադրության գնդակահարվեց տասը մարդ: Այս ամենը երեւակայության, տեսական դատողությունների շարքից չէ, այս ամենը պարզ իրականություն է, որ եղել է հոկտեմբերի 27-ից հետո` փաստելով, որ պետական մակարդակով, ըստ էության, դասեր չեն քաղվել 27-ից: Այլապես չէր լինի այն, ինչ եղավ դրանից հետո, եւ ինչն ըստ էության արդարացրեց ողբերգության պատվիրատուների հաշվարկները, ովքեր էլ եւ որտեղ էլ որ նրանք լինեն»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. - «Ցավով պետք է արձանագրել, որ այս զարհուրելի ոճրագործությունից 13 տարի անց դեռ չի տրվել գլխավոր հարցերի պատասխանը` ովքե՞ր էին կանգնած Նաիրի Հունանյանի բանդայի թիկունքին, ովքե՞ր էին սպանդի իրական կազմակերպիչները, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, տեղյակ չէր ու չկարողացավ կանխել այն: Այս հարցերին պատասխան չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ պետության ղեկին են նրանք, ովքեր իրենց իշխանությունն ամրապնդեցին հենց այս ոճրագործությունից հետո»:

Գնահատելով Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի հնարավոր համագործակցությանն առնչվող խմորումները` «Հայոց Աշխարհ» թերթը գրում է. - « Անհնար է գլուխ հանել, թե, ի վերջո, որն է իրականում ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի դիրքորոշումը իրենց համագործակցության, նախագահական ընտրություններին մասնակցության եւ այլ կարեւոր հարցերի վերաբերյալ: Բնականաբար նման խառնաշփոթ չէր լինի (ինչը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հաջողությամբ բարդում են լրատվամիջոցների վրա), եթե այս երկու ուժերի առաջնորդներն իրենք որեւէ կերպ հիշեցնեին իրենց գոյության մասին: Նրանք, ինչպես հայտնի է, մայիսի 6-ից մինչ օրս շարունակում են լռել եւ իրենց լռության ուխտը խախտելու մասին անգամ նշաններ ցույց չեն տալիս: Իսկ առաջնորդների լռության պարագայում աշխուժանում են նրանց ենթակաները կամ «աջ» ձեռքը համարվող գործիչները: Մթնոլորտը մի բանով պե՞տք է լցնել, թե՞ ոչ: Եվ ահա, տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք` անձնական ու կուսակցական կարծիքների աննախադեպ շփոթ ու իրարանցում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանում «արաբական գարուն» չեղավ ոչ թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն ավելի ցիվիլ էր, այլ ավելի շատ այն պատճառով, որ ընդդիմությունն էր ավելի ցիվիլ: Եվ, ի դեպ, համաժողովրդական շարժումը Հայաստանում կոնկրետ պատասխանատու ուներ` ի տարբերություն արաբական երկրների, որտեղ առ այսօր այդպես էլ պարզ չէ, թե կոնկրետ ովքեր էին ղեկավարում այդ շարժումները: Հարց է ծագում` դրա՞ն են ձգտում իշխանությունները, ուզում են, որ Հայատանում նո՞ւյնպես անկանխատեսելի ցնցումներ լինեն սոցիալական բունտի տեսքով: Եթե ուզում են` վաղ թե ուշ կստանան: Եվ, ի դեպ, այդպես էլ անհասկանալի կմնա, թե ով է դրա պատասխանատուն»:

«168 ժամ» թերթն անդրադառնում է փոխվարչապետի լրացուցիչ հաստիքների մասին վերջին շրջանում ծայր առած քննարկումներին. - «Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նոր փոխվարչապետը, որոնք չի կարող լուծել վարչապետը` ներկայիս մեկ փոխվարչապետով ու 17 նախարարներով: Այս հարցերը գուցե չառաջանային, եթե իշխանությունն ազնիվ լիներ ու հայտարարեր, որ ցանկանում է փոխվարչապետի հաստիք ավելացնել ընդամենը ներիշխանական առեւտրում ԲՀԿ-ի պահանջները բավարարելու համար: Սակայն, մեղմ ասած, արժանահավատ չի հնչում, երբ որպես դրա հիմնավորում` ներկայացվում է «կառավարության գործունեության արդյունավետության բարձրացումը»: Ընդ որում, հենց հաջորդ օրը վարչապետը, խոսելով պետական կառավարման համակարգի արդյունավետության մասին, հայտարարել է, որ «պետք է իրականացվեն կրճատումներ եւ աշխատավարձի բարձրացում, եթե այս խնդիրը գնալով խորանում է` պետք է աշխատատեղերը կրճատվեն»: Այս հայտարարությունների հակասականությունը ընդամենը մեկ բացատրություն ունի. լրացուցիչ փոխվարչապետ պետք է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, տնտեսության կառավարմանը, այլ իշխանությանը` ՀՀԿ-ին` ժամանակավորապես իշխանությունից դուրս մնացած ԲՀԿ-ին իշխանություն վերադարձնելու համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG