Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններում «ընտրակեղծիքները որոշիչ են լինելու»


ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ գերագույն մարմնի ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր հայտարարեց, որ եթե Դաշնակցությունը հնարավորություն չունենա վերահսկել կեղծիքները, կարող է ընդհանրապես չմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:

Դաշնակցական ղեկավար գործչի կարծիքով` այդ ընտրություններում ընտրակեղծիքները որոշիչ են լինելու:

Եվ դա կանխելու համար, Ռուստամյանի համոզմամբ, անհրաժեշտ է, որ ընդդիմությունը համախմբվի, ընդ որում` պարտադիր չէ, որ այդ համախմբումը լինի իրենց թեկնածուի շուրջը. կարեւոր է, որ թեկնածուն լինի մեկը, ով կարող է հրաժարվել կառավարման նախագահական համակարգից:

«Կարելի է գտնել մեկ ընդհանրապես չեզոք թեկնածու», - նշեց Ռուստամյանը` շարունակելով. - «Ինչ, ուրեմն այս հայ ժողովրդի արգանդը ցամաքե՞լ է, ուրիշ մեկը չկա՞ բացի քաղաքական ուժերի առաջադրած թեկնածուներից»:

ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ասաց, որ նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշինքը տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ է վարում:

Զուրաբյանը հստակ պատասխան չտվեց հարցին, թե արդյո՞ք բանակցություններն ընթանում են միասնական թեկնածուի շուրջ եւ արդյոք այդ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

«Որեւէ չափազանց բաց մեկնաբանությունը իմ կողմից միայն կարող է խանգարել գործընթացին», - նշեց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը հարցին, թե արդյոք բանակցում են ՀԱԿ-ի հետ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ, եւ ով կարող է լինել այդ թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը, արձագանքեց. - «Բանակցային փուլ չկա ո'չ ՀԱԿ-ի հետ, ո'չ ՀՀԿ-ի հետ, ո'չ մնացած ուժերի հետ»:

Որեւէ քաղաքական ուժի հետ չի բանակցում նաեւ «Ժառանգություն»-ը:

Չի բանակցում նաեւ «Օրինաց երկիր»-ը. այս կուսակցությունը վաղուց արդեն կողմնորոշվել է` սատարելու է գործող նախագահին:

«Առաջիկա ընտրություններում աջակցելու ենք Սերժ Սարգսյանին», - հայտարարեց ՕԵԿ-ի ղեկավար անդամ Մհեր Շահգելդյանը:

Ավելին` բոլոր նախորդ ընտրություններում ընտրակեղծիքների մասին հայտարարած «Օրինաց երկիր»-ը կարծում է, որ նման երեւույթներն առաջիկա ընտրություններում հազիվ թե կրկնվեն:

«Բարգավաճ Հայաստանը»-ը այսօր հերքեց, թե բանակցում է ՀՀԿ-ի հետ: Երկու օր առաջ, հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաեւ ՀՀԿ-ի ղեկավար անդամ է, չէր բացառել, որ նախագահական ընտրությունների նախօրեին Սերժ Սարգսյանին սատարող ուժերը կարող են նոր հուշագիր կամ համաձայնագիր ստորագրել, որին չի բացառվում նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի մասնակցությունը:

Ենթադրությունները, թե ԲՀԿ-ն կարող է սատարել Սերժ Սարգսյանին, մասնավորաբար, հնչում են այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել, թե անցած ձմռանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին կոալիցիոն համաձայնագիրը ուժը կորցրել է:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ի ղեկավար ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարեց, թե պարտադիր չէ, որ Գագիկ Ծառուկյանը հատուկ հայտարարություն անի. - «Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ուժի մեջ է առ այս պահը Սեւրի պայմանագիրը: Եթե փորձենք շարունակել Տիգրան Սարգսյանի տրամաբանությունը, ապա պիտի ասենք, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ, եւ ելնելով այդ տրամաբանությունից, նա ուղղակիորեն պարտավոր է պաշտպանել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»:

Հարցին, թե արդյոք բացառում է, որ ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, Զոհրաբյանն արձագանքեց. - «Իմ անձնական դիրքորոշմամբ, «Բարգավաճ Հայաստան»-ը պիտի մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»:

«Ազատ դեմոկրատներ» - «Ժառանգություն» բաժանումից հետո առաջինի ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն ներկայացնի »Ժառանգության» կարծիքը, բայց կշարունակեն մնալ խմբակցությունում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանին հակադարձեց, թե տրամաբանական է, որ խմբակցության անդամները ներկայացնեն խմբակցության տեսակետը:

«Ժառանգություն» խմբակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգություն» խմբակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հակոբյանը հավելեց, թե «ապագան ցույց կտա, թե արդյոք «Ժառանգություն»-ը կորոշի «Ազատ դեմոկրատներ»-ին հեռացնել խմբակցությունից. - «Երբ վերջնականապես հստակեցվի, թե Ալեքսանդր Արզումանյանը ինչ դիրքրորոշում է ունենալու, ըստ դրա մենք համարժեք որոշում կկայացնենք»:

Այսօր նաեւ պարզվեց, որ «Ժառանգություն» խմբակցությունում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինած Թեւան Պողոսյանը 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է «ժառանգության» օգտին:

2003-ին, հիշեցնենք, «Ժառանգություն» կուսակցությունը դեռ գոյություն չուներ:
XS
SM
MD
LG