Մատչելիության հղումներ

Հայրենասիրության եւ ազգային պատվի... նոր գործակալություն


Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռադիտակով հետեւում է «Կավկազ - 2012» զորավարժություններին, Կրասնոդարի երկրամաս, սեպտեմբեր, 2012թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռադիտակով հետեւում է «Կավկազ - 2012» զորավարժություններին, Կրասնոդարի երկրամաս, սեպտեմբեր, 2012թ.

Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել Սոցիալական ծրագրերի վարչություն, որը նպաստելու է ազգային արժանապատվության եւ հայրենասիրության գաղափարներին։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` գաղափարախոսական պարապ

Ռուսաստանի նախագահը անցած շաբաթ օրն է արձակել նոր կառույց ստեղծելու կարգադրությունը։

Նախաձեռնության ջատագովներն ասում են, թե այդ կառույցը խիստ անհրաժեշտ է, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո մարդկանց միավորող գաղափարախոսության խնդրում մեծ պարապ է գոյացել։

Վարչությունը, որը ստեղծվելու է նախագահի վարչակազմին կից, ինչպես Կրեմլի պաշտոնական կայքում է նշվում, «զբաղվելու է ռուսաստանյան հասարակության հոգեւոր եւ բարոյական արժեքների ամրապնդմամբ եւ պետք է բարելավի իշխանությունների աշխատանքը հայրենասիրական դաստիարակության ասպարեզում»։

Ապավենը` փոփոխություններ մերժող զանգված

Նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում։ Քննադատների կարծիքով, Կրեմլը փորձում է վերականգնել իր էությամբ մի սովետական մեխանիզմ, որի նպատակն է ամրապնդել իշխանության հիմքերը եւ զսպել Վլադիմիր Պուտինի իշխանության 12 տարիների ընթացքում նոր սերունդների շրջանում ձեւավորված ընդդիմադիր շարժումը։

«Քարնեգի» քաղաքագիտական կենտրոնի մոսկովյան գրասենյակի վերլուծաբան Նիլոլայ Պետրովի համոզմամբ, Կրեմլը գաղափարախոսությունը կիրառում է որպես հակաթույն ընդդեմ քաղաքական ընդվզումների եւ ապավինելու է լռություն պահպանող, փոփոխություններ մերժող հետամնաց զանգվածին։ Այդ պատճառով էլ նորաստեղծ մարմինը հիմնականում գաղափարախոսական հարցերով է զբաղվելու։

Նոր կառույցը հիմնադրելու նախաձեռնությամբ Պուտինը հանդես է եկել անցած ամիս Կրասնոդարում, որտեղ կառավարության պաշտոնյաների եւ մշակույթի անվանի գործիչների հետ մասնակցել է հայրենասիրության թեմայով «կլոր սեղանին»։ Քննարկման ընթացքում նախագահն ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է ավելին անել երիտասարդնդերի վրա օտար գաղափարախոսության ազդեցությունը զսպելու համար։

Թիրախը` ՀԿ-ներ

Ըստ վերլուծաբանների, ակնարկը նախեւառաջ հասցեագրված է արտասահմանից նյութական աջակցություն ստացող հասարակական կազմակերպություններին, որոնք, Պուտինի համոզմամբ, սատարում են ընդդիմությանը։ Գաղափարի ընդդիմախոսները նորաստեղծ կառույցը համեմատում են սովետական շրջանի ագիտացիայի եւ պրոպագանդայի վարչության հետ, որը խոչընդոտելու է Ռուսաստանի արդիականացումը։

«Մեծամասնությանը կարգադրելով հարգել ներկայիս ստատուս քվոն` Կրեմլը հենց իր առջեւ է փակում բարեփոխումների եւ արդիականացման ուղին, ինքն իրեն արգելում է օգտագործել իր լեգիտիմությունն առաջ շարժվելու համար։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, նախագիծը կտապալվի»,- ասել է վերլուծաբան Պետրովը։

Առկա է մարդկանց միավորելու գաղափարների պակաս

Նախաձեռնության աջակիցներն էլ համոզված են, որ անհրաժեշտ է լրացնել գաղափարական պարապը, քանի որ արդի Ռուսաստանում հայրենասիրության հիմքում մնացել է միայն Խորհրդային Միության դերը Երկրորդ աշխարհամարտում։ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Վալերիա Կասամարայի կարծիքով, երկրում առկա է մարդկանց միավորելու գաղափարների խիստ պակաս։

«Իշխանություններն անում են այն, ինչ վաղուց էր պետք անել, սակայն դրական լիցքերով ոգեւորելու փոխարեն զբաղվում են սոսկ անճաշակ քարոզով, որը հակառակ ազդեցությունը կունենա։ Ուստի, հարցի լուծումը գաղափարը ճիշտ կերպով իրագործելն է», - ասել է Կասամարան։

Ֆիլմեր, մուլտֆիլմեր, դրամաշնորհ

Նորաստեղծ գործակալությունը կազմելու է կրթական ծրագրեր, աջակցելու է հայրենասիրական կինոնկարների, ինչպես նաեւ երեխաների համար մուլտլֆիլմերի նկարահանմանը։ Բացի այդ, գործակալությունը դրամաշնորհներ եւ պարգեւներ կհատկացնի Ռուսաստանում ազգային արժանապատվության գաղափարի ամրապնդմանն աջակցող ծրագրերին եւ անձանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG