Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը հաստատեց նոր կառավարությունը


Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահում է նոր կառավարության առաջին նիստը, Թբիլիս, 25-ը հոկտեմբերի, 2012
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահում է նոր կառավարության առաջին նիստը, Թբիլիս, 25-ը հոկտեմբերի, 2012
Ձայների 88 կողմ, 54 դեմ հարաբերակցությամբ Վրաստանի խորհրդարանն հինգշաբթի օրը հավանություն տվեց կառավարության նոր կազմին եւ ծրագրին, որն ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքը առավոտից ներկայացնում էր պատգամավորներին:

Կառավարության կազմում անակնկալներ չեղան: Վարչապետի պաշտոնը ստանձնեց դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, փոխվարչապետը եւ պաշտպանության նախարարը ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան է, մյուս փոխվարչապետի եւ էներգետիկայի նախարարի պորտֆելն էլ բաժին հասավ ֆուտբոլիստ Կախա Կալաձեին։

Կառավարության ծրագրին, որը հեղինակներն անվանել են «Հանուն ուժեղ, ժողովրդավարական եւ միասնական Վրաստանի», դեմ քվեարկեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Արդեն ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն հայտարարեց, թե փոքրամասնությունը չի կարող իր վրա վերցնել նոր կառավարության գործունեության համար պատասխանատվությունը, բայց նրան հաջողություններ է մաղթում։ Բաքրաձեի կուսակից ընկերը՝ պատգամավոր Գիորգի Գաբաշվիլին, ավելի կոշտ մեկնաբանեց խմբակցության որոշումը` պնդելով, թե ակնհայտ է, որ կառավարության ծրագրում որեւէ դրական կետ չկա։

Նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր ելույթում խոստացավ չբաժանել ժողովրդին յուրայինների եւ օտարների միջեւ:

«Հոկտեմբերի 1-ին մեզ ընտրեց ժողովուրդը, եւ մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի համար պատասխանատվությունը», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Վրացական երազանքը»-ի առաջնորդը` ընդգծելով, թե իր կառավարությունը մտադիր է երկրում արդարություն եւ ազատություն ապահովել։

Ուշագրավ է, որ կառավարության ծրագիրը ներկայացնելիս Իվանիշվիլին հարկ համարեց հատուկ զգուշացնել, որ անցյալում գործած իրավախախտումների համար բոլորը կանգնելու են դատարանի առջեւ: Միեւնույն ժամանակ վարչապետը հավելեց, թե քաղաքական հալածանքներ երկրում չեն լինելու։

Ներկայացնելով Վրաստանում իրականացվելիք լայնամասշտաբ բարեփոխումների ծրագիրը` Իվանիշվիլին առանձնացրեց դատական համակարգը՝ խոստանալով ազատել այն քաղաքական իշխանության ճնշումներից, դատարանները դարձնելով անկախ, այդ թվում եւ ֆինանսական տեսանկյունից։

«Ինքը` դատական իշխանությունը կզբաղվի դատավորների կարգապահական պատասխանատվությամբ», - հայտարարեց Վրաստանի վարչապետը՝ մանրամասնելով, թե ընդլայնվելու են Սահմանադրական դատարանի լիազորությունները։

«Վրացական երազանքը»-ը խոստանում է նաեւ առանձին մարմին ստեղծել հենց Սահմանադրական դատարանի կազմում, որը կզբաղվի մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Դատաիրավական համակարգում գլխավոր բարեփոխումը թերեւս կլինի դատախազության իրավասությունների սահմանափակումը. մնալով Արդարադատության նախարարության կազմում, այսուհետեւ գլխավոր դատախազին պաշտոնավարման 5 տարի ժամկետով նշանակելու է նախագահը։

Իվանիշվիլիի արտաքին քաղաքական կուրսը, ըստ ներկայացված ծրագրի, էականորեն չի տարբերվում գործող իշխանության մոտեցումներից՝ խորացնել հարաբերությունները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Միեւնույն ժամանակ վարչապետն ակնկալում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, օգտագործել միջազգային մեխանիզմները փուլ առ փուլ հաղթահարելու Թբիլիսի եւ Մոսկվայի միջեւ առկա ճգնաժամը։ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը փորձելու է կովկասյան հետաքրքրությունների միավորողի դերը ստանձնել` այս համատեքստում խորացնելով քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները երեք հարեւանների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG