Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը


Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյան (ձ) եւ Մաջիդ Նամջու, Երեւան, 24-ը հոկտեմբերի, 2012
Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյան (ձ) եւ Մաջիդ Նամջու, Երեւան, 24-ը հոկտեմբերի, 2012
15 օրից տեղի կունենա էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության առավել խոշոր ծրագրերից մեկի՝ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման հիմնարկեքի արարողությունը: Այս մասին Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի արդյունքով փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հինգշաբթի օրը Երեւանում հայտարարեցին Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:

Արմեն Մովսիսյան խոսքով` շինարարության մեկնարկին մեծապես նպաստել է իր իրանցի գործընկերը, որի գործադրած ջանքերը հնարավոր դարձրին մոտեցնել հիմնարկեքի օրը:

Արաքս գետի վրա կառուցվելիք մոտ 130 մեգավատ հզորությամբ եւ տարեկան 800 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության կարողություն ունեցող Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը պետք է սկսվեր դեռեւս նախորդ տարի, ինչը, սակայն, տեղի չէր ունեցել: Կողմերը հետաձգումը պայմանավորում էին ընթացիկ տեխնիկական հանգամանքներով:

Նախնական հաշվարկներով մոտ 330 միլիոն դոլար արժողությամբ ՀԷԿ-ի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորվելու է իրանական կողմը: Կառուցումից հետո այն 15 տարի կշահագործի իրանական ընկերությունը, որից հետո ՀԷԿ-ն անհատույց կհանձնվի Հայաստանին: Այդ ժամանակահատվածում արտադրված ողջ էլեկտրաէներգիան կարտահանվի Իրան։

Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի ավարտին երկու համանախագահներն այսօր անդրադարձան նաեւ այլ համատեղ ծրագրերին, որոնք իրենց արտացոլումն են գտել փոխըմբռնման հուշագրում: Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն առանձնացրեց եւ կարեւորեց դրանցից հատկապես երեքը: Մեղրի ՀԷԿ-ից բացի նա անդրադարձավ նաեւ երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի հոսքերի փոխանակման երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծերին:

Միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն այսօր եւս անդրադարձավ երկու երկրների համագործակցության արդյունավետությանը խանգարող հանգամանքներին այս անգամ, սակայն, փոքր ինչ բացելով փակագծերը: Հանձնաժողովի երեկվա նիստին Նամջուն հայտարարել էր, թե «բոլոր ձեռքբերումներով հանդերձ արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու եւ առաջ ընթանալու համար»:

Իրանի էներգետիկայի նախարարի՝ այսօր ներկայացրած պարզաբանման համաձայն, իր դժգոհությունը վերաբերում է համատեղ ծրագրերի անհարկի ձգձգումներին: Նամջուն այսօր նաեւ ելք առաջարկեց նման իրավիճակներից խուսափելու համար, մասնավորապես, խոսելով համաձայնությունների իրագործմանը հետամուտ հատուկ հանձնախմբի ստեղծման անհրաժեշտության մասին:

«Իշխանական համատեղ հանձնաժողովների հետ կապված կարեւորագույն խնդիրներից մեկն այն է, որ նախատեսվի մեխանիզմ` հետամուտ լինելու այն համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվում, սակայն տարբեր պատճառներով տարիների ընթացքում չեն իրականանում: Ես կարծում եմ, որ նման հանձնախմբի ստեղծումը կարող է էապես ազդել, որպեսզի մենք կարողանանք նպաստել այդ համաձայնությունների իրագործմանը: Ես ինքս իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի հետ կապված», - ասաց իրանցի նախարարը:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ ի թիվս վերը ներկայացված նախագծերի` հանձնաժողովի շրջանակներում իրանական կողմի հետ քննարկել են նաեւ նավթամթերքատար խողովակի կառուցման եւ գեոթերմալ էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:

«Եվ ես համոզված եմ, որ այս ծրագրերը շատ արագ կյանքի կկոչվեն», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG