Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ


Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է մեկեւկես տարուց քաղաքականությունից անցնել քաղաքացիական հասարակություն։

«Խորհրդարանական ընտրություններում իմ ղեկավարած կոալիցիայի հաղթանակից հետո ես կարող եմ ճշգրիտ ասել, որ մեկեւկես տարուց կհեռանամ քաղաքականությունից, սակայն չեմ լքի Վրաստանը», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Իվանիշվիլին խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետի թեկնածուն հավաստիացրել է, որ հեռանալով` թողնելու է այնպիսի թիմ, որը կիրականացնի «Վրացական երազանք»-ի բոլոր նախընտրական խոստումները։

«Դրանով ես չեմ հրաժարվում խոստումներիս համար պատասխանատվությունից։ Ես մտադիր եմ դառնալ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ», - ընդգծել է Իվանիշվիլին` հավելելով, թե հենց քաղաքացիական հասարակության շարքերից է վերահսկելու իշխանությունների գործողությունները։

«Մեր հասարակությունը պետք է սովորի վերահսկել իր իշխանություններին», - հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդը։

Սպասվում է, որ հինգշաբթի օրը հաստատվելու է Վրաստանի նոր կառավարության կազմը, եւ Բիձինա Իվանիշվիլին նշանակվելու է վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG