Մատչելիության հղումներ

Մեխիկոյի իշխանությունները ուսումնասիրում են Ալիեւի արձանի խնդիրը


Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքապետարանը հանձնաժողով է ձեւավորել, որը պետք է ուսումնասիրի քաղաքի կենտրոնում, զբոսայգիներից մեկում տեղադրված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի հետ կապված վիճահարույց հարցերը։

Ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը պետք է առաջարկություններ ներկայացնի, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ալիեւի բրոնզե արձանը տեղադրվել էր Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատան ջանքերով, որը գումարներ էր հատկացրել քաղաքի այդ շրջանը եւ զբոսայգին բարեկարգելու համար։

Սակայն Մեխիկոյի շարքային քաղաքացիները վերջերս բողոքի ակցիաներ էին անցկացրել Հեյդար Ալիեւի արձանի տեղադրման դեմ։ Ցուցարարները հայտարարում էին, որ վիրավորված են, քանի որ իրենց մայրաքաղաքում տեղադրվում է ավտորիտար առաջնորդի արձան։

Ադրբեջանը նաեւ երկրորդ արձանն է տեղադրել Մեխիկոյում` վճարելով քաղաքի կենտրոնի վերանորոգման որոշ աշխատանքների դիմաց։ Այս արձանը նվիրված է Խոջալուի զոհերի հիշատակին: Սրա դեմ իր դժգոհությունն է հայտնել հայ համայնքը:

Շաբաթասկզբին Մեխիկո կատարած իր այցի ընթացքում այս արձաններին, ինչպես նաեւ Ղարաբաղի վերաբերյալ Մեքսիկայի խորհրդարանի ընդունած բանաձեւերին անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ավելի մանրամասն տե'ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG