Մատչելիության հղումներ

Հակահայկական, հակահրեական եւ հակաքրիստոնեական գրքեր` Թուրքիայի դպրոցներում


Թուրքական դպրոցի դասարանում` պարապմունքի ժամանակ
Թուրքական դպրոցի դասարանում` պարապմունքի ժամանակ

Հայերին նվիրված հատորը վերնագրված է` «Ես ջնջում եմ այս էջը. Հայկական հարց»։

«Հակահայկական, հակասեմական եւ հակաքրիստոնեական»` այսպես են բնութագրում թուրք իրավապաշտպաններն ու կրթական համակարգի մասնագետները օրերս Ստամբուլի մի շարք դպրոցներ առաքված գրքերը, որոնք, հեղինակների պնդմամբ, պետք է թուրք դպրոցականներին «անկաշկանդ» ոճով ներկայացնեին աշխարհի ամենահայտնի մարդկանց կենսագրություններն ու երկրի պատմության առանցքային իրադարձությունները: Այս մասին գրում է France Press գործակալությունը:

«Մեծ Քայլեր կենսագրական շարք» կոչվող 15-հատորանոց այս ժողովածուում, գործակալության վկայությամբ, բազմաթիվ վիրավորական, ատելություն սերմանող եւ ծաղրական արտահայտություններ են տեղ գտել, որոնց մի մասի հասցեատերը հայերն են:

Նշենք, օրինակ, որ այս ժողովածուի` հայերին նվիրված հատորը վերնագրված է շատ պարզ ու հստակ` «Ես ջնջում եմ այս էջը. Հայկական հարց»: Գրքի հեղինակները Ցեղասպանության մասին պնդումները որակել են որպես «կատարյալ սուտ», իսկ այն թուրքերին, որոնք համակրանքով են վերաբերվում հայերին, բնութագրում են այսպես` «չարիք, որ բուն է դրել մեր կողքին»: Ի դեպ, հայերին նվիրված այս հատորը իրավապաշտպանների պահանջով արդեն իսկ առգրավվել է դպրոցներից:

Փոխարենը, մնացած 14 հատորները դեռ շրջանառության մեջ են, եւ դրանց գլխավոր «բացասական» հերոսը հրեաներն են:

Ահա թե ինչ են գրում, օրինակ, թուրք մանկագիրները 20-րդ դարի մեծագույն հանճարներից մեկի` Ալբերտ Էյնշտեյնի մասին. - « Էյնշտեյնը կեղտոտ, փնթի եւ բոբիկ մի երեխա էր, որ սիրում էր օճառ ուտել, չնայած այն տխուր իրողությանը, որ այդ տարիներին գեստապոյականները հրեաներին նետում էին վառարաններն ու նրանցից օճառ էին պատրաստում»:

Մարդկության պատմության ողջ ընկալումը արմատապես փոխած էվոլյուցիոն տեսության հեղինակ Չարլզ Դարվինի անձն ու գործունեությունը եւս չեն վրիպել թուրք մանկագիրների ուշադրությունից: «Դարվինը ծպտված հրեա էր, որն ատում էր իր մեծ քիթը: Նա երկու տասնամյակ վատնեց ապացուցելու համար իր հեղինակած էվոլյուցիոն տեսությունը` շատ լավ հասկանալով, որ ինքնախաբեությամբ է զբաղված», - գրված է թուրքական այս ժողովածուում:

Զիգմունդ Ֆրոյդին գրքի հեղինակները բնութագրում են որպես «այլասերվածների հոգեւոր հայր», իսկ Սանտա Կլաուսը, նրանց համոզմամբ, «մի երիտասարդ է, որին հարկավոր է քրեական պատասխանատվության ենթարկել ուրիշների բնակարաններ առանց թույլտվության մուտք գործելու համար»:

Այժմ գրքերի հետագա տարածման դեմ հետեւողական պայքար է սկսել Կրթական համակարգի աշխատակիցների արհմիությունը, որի Ստամբուլի գրասենյակի ղեկավար Մեհմեթ Այդողանը France Press-ի թղթակցի հետ զրույցում ասել է. - «Մեր նպատակն է, որպեսզի գրքի բոլոր օրինակներն առգրավվեն, իսկ այն մարդիկ, որոնց պատճառով դրանք հայտնվել են 10 տարեկան երեխաների ձեռքում, պատասխանատվություն ենթարկվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG