Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպեցին հայերը եւ ադրբեջանցիները


Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցը
Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցը

Սա առաջին նման հանդիպումն է 20 տարվա ընթացքում, ընդգծում է Արա Աբրահամյանը։

Երեքշաբթի օրը Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցում կայացավ հայ - ադրբեջանական «կլոր սեղանը»։

Սա երկու համայնքների ներկայացուցիչների առաջին նման հանդիպումն էր, որը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը։

Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին Արա Աբրահամյանը, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, հանրահայտ դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը, այլ մտավորականներ, ադրբեջանական կողմից` համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե ինչպե՞ս կընդունեն այս նախաձեռնությունը Բաքվում, ադրբեջանական համայնքի ղեկավար Աբաս Աբասովը պատասխանեց, որ իրեն ամենեւին չի մտահոգում, թե ինչ կասեն Բաքվում կամ ինչ կասեն Երեւանում, իր համար շատ կարեւոր է, որ Մոսկվայում, որտեղ միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ են ապրում, լինի համերաշխություն, եւ երիտասարդ հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ չհակամարտեն, այլ ընդհակառակը` բարեկամական հարաբերություններ ունենան։

Որեւէ քաղաքական հայտարարություն կամ քննարկում հանդիպմանը չի եղել։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք հայկական կողմը փորձե՞լ է խոսել նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործից, եւ արդյոք տեղին չէ՞ր լինի, եթե Ռուսաստանի ադրբեջանական համայնքի այս ներկայացուցիչները Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումը դատապարտող մի հայտարարություն անեին, Արա Աբրահամյանը արձագանքեց, որ դեռ ժամանակը չէ։ Ընդգծելով, որ սա առաջին նման հանդիպումն է 20 տարվա ընթացքում, Ռուսաստանի հայերի միության նախագահը համոզմունք հայտնեց, որ այդ հանդիպումները կշարունակվեն, եւ կգա մի օր, երբ դրանց ընթացքում հնարավոր կլինի քննարկել նաեւ նման քաղաքական հարցեր։

Որեւէ հայտարարություն «կլոր սեղանի» արդյունքում չի ընդունվել, որոշում է կայացվել, որ այդ հայտարարությունը կարվի հետագայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG