Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 23-ի մամուլ


Անդրադառնալով ՀՀԿ - ԲՀԿ հարաբերություններին եւ Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակին` «Ժամանակ»-ը գրում է. - «Արդյոք օբյեկտիվ հակասություններ չկա՞ն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, որ փորձում ենք պնդել, թե «Բարգավաճը» իմիտացիոն ընդդիմություն է. իհարկե կան: Համաձայն Հայաստանի քաղաքական ավանդության` այս հակասությունները պետք է վերաբերվեն սեփականության, բիզնեսների, տնտեսական ազդեցության կամ նման ոլորտների: Հայաստանի զարգացման հեռանկարի, ժողովրդավարական ազատությունների, Արցախի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների եւ այլ գլոբալ խնդիրների մասին երբեւէ քաղաքական էլիտան, կամ գոնե` այս երկու ուժերը միշտ հանդես են եկել ձեռք ձեռքի տված, բավարարվելով ոչինչ չնշանակող պոպուլիստական ասույթներով»: Այս ամենի նկատմամբ հայաստանյան ընդդիմության դիրքորոշման մասին թերթը գրում է. - «Իհարկե, քաղաքագիտական վերլուծություններին քաջահմուտ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտե այս մասին, քանի որ արարներից մեկում գլխավոր դերն ինքն էր խաղում: Կասկածել, թե քաղաքական մանիպուլյացիաներում թրծված դաշնակներն անտեղյակ են, նույնպես միամտություն է` դատելով թեկուզ այն էպիզոդներից, որտեղ իրենք ռեպլիկներ ունեն: «Ընդդիմադիրների» այս կոլաբորացիոնիզմը այլ կերպ, քան միասնական դավադրություն Հայաստանի ժողովրդի դեմ, անվանել չի կարելի»:

Թեման շարունակում է «Հրապարակ»-ը. - «Ազգս «թամաշի» մեջ է. անճար կանգնել ու մտածում է՝ տեսնես ի՞նչ կանի Գագոն. կմիանա՞ նախագահին, թե՞ ճակատ կտա… Լեւո՞նն ինչ կանի, պայքարն այդպես էլ ավարտվե՞ց… Մնացած ընդդիմադիրները ո՞ր գրողի ծոցն անցան… Նման վիճակում կանգնում ու մտորում է միայն անզոր, անճար մարդը, որն իրենից հույսը կտրել ու սպասում է, թե ով մի բան կանի: Որեւէ բան փոխվում է, երբ պայքար է լինում, զարմանում եմ, երբ այս իրավիճակում հանրությունն ինչ-որ բանի է սպասում: Հանրությունն այսօր հայտնվել է պատասխանատվությունն իր վրայից գցողի կարգավիճակում: Սպասում է, թե երբ է ՀՀԿ-ԲՀԿ ղալմաղալը վերջանալու: Ասենք վերջացավ՝ հետո՞…»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է Վարդան Օսկանյանին դարձնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ` այդպիսով փորձելով նրա համար ապահովել առավել մեծ պաշտպանվածություն։ ԲՀԿ-ն լուրջ մտավախություն ունի, որ առաջիկայում Աղվան Հովսեփյանն արդեն Օսկանյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի ԱԺ: Սակայն պարզվում է, որ գործի ապագա ընթացքի մասին ոչ պակաս տեղեկացված է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը երեկ հայտարարել է, թե Օսկանյանին կալանավորելու միջնորդություն ԱԺ չի բերվի: Հետաքրքիր է՝ ՀՀԿ փոխնախագահը որտեղից է տեղյակ, որ քննչական մարմինների գործունեությունը «բնականաբար չի հանգեցնի» կալանքի: Արդյոք սրանով Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ Աղվան Հովսեփյանն ու ԱԱԾ-ն իրենց «վերլուծություններն» անում են ՀՀԿ վերանորոգվող գրասենյակում»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հրապարակախոս Միխայիլ Լեոնտեւը, որն, ինչպես հայտնի է, փոքր-ինչ ծայրահեղացված ձեւով արտահայտում է Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, որոշել է անդրադառնալ Հայաստանին: Անդրադարձի տոնայնությունը կոպիտ է, վիրավորական եւ արհամարհական՝ դուք առանց Ռուսաստանի զրո եք, մի՛ փորձեք Եվրասիական միության մեջ չմտնել: Ինտեգրվե՞նք «եվրասիական ուղղությամբ»: Բայց այդպիսի փորձ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն արել են: Նրանք դեռեւս Ելցինի ժամանակ ստեղծեցին «միութենական պետություն»: Դրանից այդ երկու երկրների հարաբերությունները լավացա՞ն: Թերեւս՝ ճիշտ հակառակը… Թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան եւ թե՛ Միացյալ Նահանգները հավասարապես երկերեսանի են եւ փարիսեցի, բայց ինձ համար եվրոպական ինտեգրացիան ոչ թե ինչ-որ ռազմաքաղաքական կամ տնտեսական միավորի մեջ մտնելն է, այլ նախեւառաջ՝ աշխատելու, մարդկանց, հասարակության հետ հարաբերվելու, վերջին հաշվով՝ մտածելու որոշակի մշակույթ է, որը մենք պետք է դեռ սովորենք: Դա, մասնավորապես, ճշտապահությունն է, աշխատասիրությունը, օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, որոնք հակադրվում են «եվրասիական» քաոսին»:

«Օրակարգ» պարբերականը, ներկայացնելով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հայտարարությունը, թե Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացվեն 2013 թվականի նախագահական ընտրությունները, գրում է. - « Այս տարվա ընթացքում նախատեսված էր, որ Բրյուսելում կանցկացվի ԵՄ դոնորների համաժողով, որտեղ ԵՄ անդամ երկրները Հայաստանին շուրջ 1 մլրդ եվրո դրամաշնորհային խոստումներ պետք է տային: Համաժողովը հետաձգվեց ակնհայտորեն Հայաստանում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները վատ կազմակերպելու պատճառով: Փաստացի, Հայաստանը բառի ուղիղ իմաստով շատ մեծ գին է վճարում ժողովրդավարությունը չհարգելու համար: 2008 թվականի նախագահական ընտրությունների վատ անցկացումը, դրան հաջորդած հակաժողովրդավարական իրողությունները, ապա 2009 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրությունների պատշաճ անցկացման ձախողումը հանգեցրին ավելի քան 300 միլիոն դոլար արժողության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցմանը: Դեռեւս չհայտարարված պատճառներով փակվեց Քըրք Քըրքորյանի «Լինսի» ծրագիրը, եւ դրանում մնացած 200 միլիոն դոլարը նվիրաբերվեց Կալիֆոռնիայի համալսարանին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG