Մատչելիության հղումներ

Կառավարությունն ունի Եվրադատարանի հարցերի պատասխանները


Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ պարզաբանումներ է տալիս Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը։

«Կառավարությունն ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ Եվրադատարանի բոլոր հարցերի պատասխանները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, տեղեկացնելով, որ սահմանված ժամկետում Եվրադատարանից ստացված բոլոր հարցադրումների պատասխանները կուղարկվեն:

Նա հաստատեց, որ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի վերաբերյալ Եվրադատարանից հուլիսին ստացված հարցերին պատասխանելու ժամկետը լրացել է սեպտեմբերի 7-ին եւ Կառավարությունը եւս երկու ամիս ժամանակ է խնդրել: Ժամկետի երկարաձգումը Գեւորգ Կոստանյանը հիմնավորեց զուտ հուլիս-օգոստոս ամիսների արձակուրդային սեզոնով, ինչը որոշակիորեն դանդաղեցրել է իրենց աշխատանքը։ Նա հերքեց այն մեկնաբանությունները, թե Կառավարությունը չի կարողանում գտնել Եվրադատարանից ստացած հարցերի պատասխանները:

«Կառավարությունը պատասխաններ միշտ ունի, այլ հարց է, թե այդ պատասխանները կգոհացնե՞ն դատարանին որոշում կայացնելու համար», - նշեց Կոստանյանը։

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանն ուղարկված հարցադրումներում մասնավորապես հետաքրքրվել է, թե 2008-ի մարտի 1-ի առավոտյան խաղաղ հավաքը ցրելով արդյոք չի՞ խախտվել խաղաղ հավաքներ անցկացնելու` Տեր-Պետրոսյանի իրավունքը, արդյոք մարտի 1-ի առավոտյան նա հարկադրաբար տեղափոխվե՞լ է Ազատության հրապարակից եւ ենթարկվել տնային կալանքի, եւ եթե այո, ապա արդյոք դրանով չի՞ խախտվել նրա անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքը, եւ երրորդ՝ արդյոք դրանով Տեր-Պետրոսյանի նկատմամբ չի՞ ցուցաբերվել խտրական վերաբերմունք:

Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ի առավոտյան Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի չի ենթարկվել։

«Ոչ մի տնային կալանքի մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող: Պետական պահպանության ծառայությունն ընդամենը իրականացրել է օրենքով իր վրա դրված պարտականությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության երաշխավորումը: Եվ եթե կհիշեք այդ ժամանակ ՊՊԾ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է մեր ծառայություններից, մենք կարող ենք այդ ծառայությունները չիրականացնել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չհրաժարվեց», - մեկնաբանեց նա ու հավելեց․ - «Տնային կալանք իրավական կատեգորիա գոյություն չունի։ Մենք խոսում ենք անձին ազատությունից զրկելու ենթադրյալ փաստի մասին, որի վերաբերյալ մենք մեր առարկությունները ապացույցներով զուգորդված ներկայացնելու ենք Եվրոպական դատարանին»:

Եվրադատարանի այն հարցադրման առնչությամբ, թե մարտի 1-ի առավոտյան «Տեր-Պետրոսյանը հարկադրաբար տեղափոխվե՞լ է Ազատության հրապարակից, ՄԻԵԴ ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը հայտարարեց. - «Եթե մենք խոսում ենք անձի ազատության երաշխավորման մասին, պետական մարմինները պարտավոր են այս դեպքում իրականացնել իրենց գործողությունները: Եթե նրանք գտնում են, որ գոյություն ունի ռիսկ եւ պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովումը երաշխավորելու համար նրան պետք է տարհանել, ուրեմն պետք է տարհանել»:
Գեւորգ Կոստանյանի համոզմամբ, 2008-ի մարտի 1-ի առավոտյան խաղաղ հավաքը ցրելով չի խախտվել խաղաղ հավաքներ անցկացնելու` Տեր-Պետրոսյանի իրավունքը.

«Մենք համապատասխան առարկությունները նոյեմբերի 7 ին կներկայացնենք», - փոխանցեց նա:

Եվրադատարանը մասամբ է քննության առել Լեոն Տեր-Պետրոսյանի գանգատը, եւ այս հարցադրումներն ուղարկել է նրա անձնական ազատության, տեղաշարժի ազատության, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքների խախտումները եւ իր նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստը ճանաչելու պահանջների մասով: Իսկ բողոքի մյուս մասը, որը վերաբերում է խոսքի, արտահայտնվելու ազատության սահմանափակումներին ու ազատ ընտրության իրավունքի խախտմանը, Եվրադատարանը վարույթ չի ընդունել:

նչպես մեկնաբանեց Գեւորգ Կոստանյանը. - «Վիճարկել է Կոնվենցիայի թվով 8 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումներ։ Բոլոր պահանջներն ի սկզբանե անհիմն են համարվել դատարանի կողմից, մեջբերեմ՝ «ակնհայտ անհիմն» են համարվել եւ ի սկզբանե անընդունելիության որոշում է կայացվել դատարանի կողմից»:

Բողոքի մյուս մասով էլ Եվրադատարանը որոշում կկայացնի Կառավարության պարզաբանումները ուսումնասիրելուց հետո:

ՄԻԵԴ ում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ անընդունելի է համարում Գեւորգ Կոստանյանի պնդումները եւ դրանց փաստերով կհակադարձի արտերկրից Երեւան վերադառնալուց հետո:

«Գեւորգ Կոստանյանի պատասխանները ոչնչով չեն տարբերվում տարբեր գործերով ՀՀ կառավարության կողմից Եվրադատարանին ներկայացվող առարկություններից, որոնք հերթով այս դատարանը մերժում է եւ Հայաստանին տուգանում», - փոխանցեց փաստաբանը:

Միաժամանակ Վահե Գրիգորյանը որեւէ արտառոց բան չի տեսնում Տեր-Պետրոսյանի գանգատը մասամբ քննության առնելու Եվրադատարանի որոշման մեջ։

«Որպես կանոն այդպես է։ Եվրոպական դատարան ներկայացված դիմումների ճնշող մեծամասնությունը միանշանակ քննության չի ընդունվում բողոքի ողջ ծավալով։ Այդ դիմումները ֆիլտրվում են որպես կանոն», - հայտարարեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG