Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ակնկալում է, որ 2013-ի ընտրությունները «համահունչ լինեն միջազգային չափանիշներին»


Armenia -- Head of the EU Delegation to Armenia Traian Hristea (c) at a press conference. Yerevan, 22Oct., 2012
Armenia -- Head of the EU Delegation to Armenia Traian Hristea (c) at a press conference. Yerevan, 22Oct., 2012
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին` դոնորների համաժողով հրավիրելու հարցում, եթե Երեւանը շարունակի իր ջանքերը` երկրում բարեփոխումների իրականացման, այդ թվում` ազատ եւ արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Եվրամիության կողմից Հայաստանին աջակցելու նպատակով դոնորների հատուկ համաժողովի հրավիրումը, նման հայտարարություն արեց մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Հրիսթեան ընդգծեց, որ Եվրամիությունը Հայաստանից ակնկալում է, որ 2013 թվականին ծրագրված նախագահական ընտրությունների ընթացքը «համահունչ լինի միջազգային չափանիշներին». - ««Ավելին ավելիի դիմաց» սկզբունքը մեր կողմից չի առաջադրվել: Այդ սկզբունքը համատեղ հավանության է արժանացել [Եվրամիության] Արեւելյան գործընկերության վերջին գագաթնաժողովին եւ ընդգծում է Եվրամիության պատրաստակամությունը` ավելի շատ աջակցություն ցուցաբերել այն երկրներին, որոնք բարեփոխումներ են իրականացնում: Մենք արդեն իսկ քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ եւ սա համապատասխանում է այս հուլիսին Երեւանում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությանը»:

«Մի բան պարզ է` մենք շարունակելու ենք աջակցել այն երկրներին, որոնք ավելի ջանքեր են գործադրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ», - շարունակեց Հրիսթեան: - «Ինչ վերաբերում է դոնորների համաժողովի անցկացմանը, մենք պատրաստ ենք աջակցել մեր հայ գործընկերներին` նման համաժողովի կազմակերպման հարցում եւ առաջ շարժվել այդ ուղղությամբ»:

Ի դեպ, այսօրվա ասուլիսը հրավիրվել էր հանրությանը ներկայացնելու Եվրամիության կողմից ավելի քան 1.7 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորվող ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող հայաստանյան անցած խորհրդարանական ու գալիք նախագահական ընտրություններին իրավական ու տեխնիկական աջակցման ծրագրի ընթացքը:

«Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման կարեւոր նախապայմանն է», - ընդգծեց դեսպան Տրայան Հրիսթեան:

«Այս տարվա ընթացքում արձանագրեցինք ինտեգրմանն ուղղված ավելի խորաթափանց առաջընթաց, որը պայմանավորված է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող զարգացմամբ եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկով: Օրեր առաջ ավարտվեցին ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի եւ ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունները, ինչը երկկողմ հարաբերություններում առաջընթացի հստակ ազդակ է: Հետեւաբար, Հայաստանի համար էական է շարունակել դինամիկ ու հանձնառու բարեփոխումների ընթացքը: Ընտրությունների իրականացումը` Հայաստանում ընթացող բարեփոխումների հաջողության փորձությունն է, որին ուշի-ուշով հետեւում է Եվրոպական Միությունը»:

«Մայիսին կայացած ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքում արձանագրվեցին ակնհայտ բարելավումներ, սակայն դեռեւս ավելին անելու անհրաժեշտություն կա», - նշեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

«Ինչպես նշված է Եվրամիության հարեւանության քաղաքականության առաջընթացի զեկույցում, Եվրոպական միությունը Հայաստանից ակնկալում է, որ 2013 թվականին ծրագրված նախագահական ընտրությունների ընթացքը համահունչ լինի միջազգային չափանիշներին: Հետեւաբար, Հայաստանին անհրաժեշտ է արդյունավետորեն շտկել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից 2012-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված բացթողումները», - նշեց Հրիսթեան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG