Մատչելիության հղումներ

Բեյրութի ահաբեկչության զոհերի թվում մեկ հայ կա


Բեյրութի Աշրաֆիյա թաղամասը պայթյունից հետո, 19-ը հոկտեմբերի, 2012
Բեյրութի Աշրաֆիյա թաղամասը պայթյունից հետո, 19-ը հոկտեմբերի, 2012
Լիբանանում տեղի ունեցած վերջին զարգացումները կտրուկ սրել են այդ երկրի ներքաղաքական իրադրությունը: Երկրում բողոքի ցույցեր են սկսվել, ճանապարհներ են փակվում, որոշ քաղաքներում զինված խմբավորումներ են շրջում: Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը:

Ուրբաթ օրը Բեյրութի՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկրի հետախուզության ծառայության ղեկավար Վիսամ ալ-Հասանը եւ մեկ հայ կին: Ականի զոհ դարձած պաշտոնյան հետաքննում էր նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը: Նա սիրիական հետք էր տեսնում այս հանցագործության մեջ:

Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահեն Քանդահարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքերց այն լուրերը, թե պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաեւ իննամյա մի հայ տղա:

«Բայց, ցավոք, կա հայ կին զոհ՝ Ժորժետ Սարգսյան», - ասաց Քանդահարյանը՝ շարունակելով. - «Կարող եմ ասել, որ քաղաքական լարված իրավիճակ է ստեղծվել: Որոշ ընդդիմադիր շրջանակներ հնչեցնում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Կա որոշ կանխատեսում, որ Լիբանանը կարող է վերադառնալ նման պայթյուններով իրավիճակին, մանավանդ հստակ էր, որ երեկվա պայթյունը քաղաքական թիրախ էր հետապնդում»:

Հարցին, թե այս ամենը կարո՞ղ է առնչվել հարեւան Սիրիայի զարգացումների հետ, «Ազդակ» թերթի խմբագիրը պատասխանեց. - «Իհարկե, կան նման վարկածներ, որովհետեւ որոշ կողմեր Դամասկոսն են մատնացույց անում իբրեւ այդ արարքի հեղինակ: Չնայած որեւէ կազմակերպություն պաշտոնապես չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, բայց զոհված պաշտոնյան հակասիրիական խմբավորման անդամ էր»:

Բեյրությում տեղի ունեցած ահաբեկչությունը խստորեն դատապարտել է նաեւ ՄԱԿ-ը: Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG