Մատչելիության հղումներ

Երկրի ղեկավարությունը դժգոհ է «Արմավիա»-ից


Արմավիայի բորոր չվերթները անժամկետ հետաձգվել են
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00
Ուրբաթ առավոտյան «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը հերթական անգամ հայտարարեց, որ հրաժարվում է սպասարկել «Արմավիա»-ի թռիչքները, ինչից հետո ընկերության բոլոր չվերթները անժամկետ հետաձգվեցին:

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ նման իրավիճակ իրենք երկար չեն հանդուրժի:

«Իհարկե, մենք գոհ չենք, եւ կզարմանայինք, եթե մեկը գոհ լիներ ստեղծված իրավիճակից: Երկրի ղեկավարությունը եւ ես ունենք մեր դիրքորոշումը այս հարցի շուրջ: «Արմավիա»-ն պետք է շատ կարճ ժամանակահատվածում փորձի այս հարցերին լուծում տալ, հակառակ դեպքում ընկերության գործունեությունը կարող է կանգնեցվել», - ասաց Մովսեսյանը:

«Արմավիա»-ի եւ կառավարության միջեւ կա պայմանագիր, որը լրանում է 2013 թվականի մարտ ամսին: Փաստորեն 5 ամսից կառավարությունում քննարկվելու է ընկերության հետ նոր պայմանագիր կնքելու հարցը: Կշարունակի՞ արդյոք իր գործունեությունը ավիաընկերությունը, թե` ոչ, ներկայումս Արտյոմ Մովսեսյանը հրաժարվում է պատասխանել: Նրա խոսքով` պայմանագրով ստեղծված իրավիճակի լուծման ուղիներ չկան, այսինքն լուծումը պետք է լինի իրավիճակային, կառավարությունը այս հարցի շուրջ դեռեւս չի ցանկանում կտրուկ քայլերի դիմել:

Հերթական անգամ չվերթների սպասարկումը դադարեցնելու պատճառը «Արմավիա»-ի կուտակած մոտ 3 միլիոն 200 հազար դոլարի պարտքն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանը նշեց, որ ավիաընկերությունը այսօր առավոտյան պարտավորվել էր պարտքը կրճատել, մինչդեռ խոստումը ժամանակին չի կատարվել:

Մինչդեռ «Արմավիա» ընկերությունում վստահ են, որ չվերթների դադարեցումը միտումնավոր է արվում, իսկ թե ինչ նպատակով` չնշեցին: «Արմավիա»-ի ներկայացուցիչներն ասում են` իրենք հիմա էլ աստիճանաբար վերադարձնում են կուտակած պարտքը: Ի դեպ, այսօր ժամը 15.00-ի հատվածում «Արմավիան» փոխանցել է պարտքի մի մասը, ինչից հետո ավիաընկերության չվերթների սպասարկումը վերականգնվել է:

Քաղավիացիայի վարչության պետի խոսքով, իրենք հիմա կենտրոնացել են ստեղծված իրավիճակը շտկելու վրա: Մովսեսյանի խոսքով ներկայումս ստեղծվել է ոչ սովորական իրավիճակ, ուստի իրենք չեն բացառում, որ չվերթների սպասարկումը կարող է դադարեցվել նաեւ ապագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG