Մատչելիության հղումներ

«Սիվիլիթաս»-ի աշխատակիցները պահանջում են դադարեցնել ճնշումները


«Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները կեսօրից հետո Երեւանի Հյուսիսային պողոտայից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն՝ պահանջելով դադարեցնել ճնշումները «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ։

Երիտասարդները ձեռքերին պաստառներ ունեին՝ «Պաշտպանիր խոսքիդ անձեռնմխելիությունը», «Կարողա սխալ Վարդան ես ընտրել, Աղվան» կոչերով։ Նկատի ունեին, որ դատախազությունը լավ է զբաղվի նախկին նախարար, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանով, որի դեմ այս պահին Նյու Յորքի դատարանում հայց կա ներկայացված։

Ողջ ճանապարհին բարձրախոսով ներկայացրին Վարդան Օսկանյանին եւ «Սիվիլիթաս»-ին առնչվող գործի ժամանակագրությունը։

«Ինչպես տեսնում եք, գործը սկսվել է հունիսի 1-ից եւ արդեն ամիսներ տեւած գործընթացը դեռեւս որեւէ ապացույց չի բերել մեղադրանքների հիմնավոր լինելու մասին։ Սակայն գործընթացը դադար չի առնում եւ շարունակվում են ճնշումները պարոն Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ», - բարձրախոսով հայտարարում էր երթի մասնակիցներից մեկը։

Ոստիկանները չխոչընդոտեցին «Սիվիլիթաս»-ի աշխատակիցների երթը։ Նրանց անգամ թույլ տվեցին մոտենալ Գլխավոր դատախազության շենքին եւ հենց գլխավոր մուտքի մոտ բարձրաձայնել իրենց պահանջները։ Դրանց հիմքում Օսկանյանին ու «Սիվիլիթաս»-ին առնչվող գործի արդար հանգուցալուծումն էր, իսկ պահանջագիրը Հայաստանի ղեկավարներին էր ուղղված։

«Մենք արդարություն ու արդարադատություն ենք պահանջում մեր հայրենիքում։ Սա այն հայրենիքը չէ, ու չի էլ նմանվում նրան, որ մեզ խոստացել ու խոստանում եք ժառանգություն թողնել», - ազդարարում էին ցուցարարները։

Ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի նաեւ 13 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել։

Ինչպես պահանջագիրը, այնպես էլ ստորագրությունները «Սիվիլիթաս»-ի աշխատակիցներն ուզում էին հանձնել կամ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, կամ դատախազության որեւէ աշխատակցի, սակայն շենքը հսկող ոստիկանի միջոցով ներսից փոխանցեցին, թե նրանց անձամբ չեն հանդիպի։ Երիտասարդները ստիպված եղան իրենց պահանջագրերն ու 13 հազարից ավելի ստորագրությունների պատճեները հանձնել անցագրային բաժին։

«Սիվիլիթաս»-ի աշխատակիցները մեզ հետ զրույցներում այսօր հայտարարում էին, որ իրենց հետապնդում են եւ պահանջում էին դադարեցնել նաեւ այդ հետապնդումները։ Նրանք ասում էին, որ հատկապես ստորագրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցները հետեւել են իրենց։

Լրագրողները կարծում են՝ «Սիվիլիթաս»-ին եւ Օսկանյանի ճնշելու նպատակներից մեկը նաեւ «Սիվիլիթաս»-ի լրատվական նախագծերը փակելն է։

«Ես ավելի քան վստահ եմ, որ նախագահականից ուղղակիորեն պատվեր է իջեցվել։ Ես չեմ կարող պնդել, որ «Օրակարգ» օրաթերթը եւ «ՍիվիլՆեթ» հեռուստաընկերությունը շատ ուժեղ ազդեցություն ունեն ներքաղաքական գործընթացների վրա, շատ ուժեղ հասարակական կարծիք են ձեւավորում, բայց ես վստահ եմ, որ այսպիսի ծրագրերը կարող են դառնալ սկիզբը մի ավելի մեծ գործընթացի, եւ իշխանությունները փորձելու են բնում խեղդել՝ իրենց հարազատ բիրտ եւ կոշտ մեթոդներով», - մեզ հետ զրույցում մեկնաբանեց լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Հավելենք, որ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության քննիչին միջնորդել է կարճել փողերի լվացման եւ յուրացման փաստով Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործն ու դադարեցնել նախկին արտգործնախարարի նկատմամբ քրեական հետապնդումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG