Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը «ավելի խորացրեց կասկածները Օսկանյանի նկատմամբ»


ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյան
ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյան
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ավելի խորացրեց կասկածները Օսկանյանի նկատմամբ:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է Հանրապետականը պնդում, որ Օսկանյանի գործը իրավական գործընթաց է, իսկ դեսպանը եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնում, Սահակյանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարեց. - «ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը պարզապես ավելի խորացրեց կասկածները. Չինաստանի դեսպանը ինչո՞ւ չհայտարարեց: Ամերիկայի պատմության մեջ որեւէ դեսպան նման հայտարարություն չի արել: Նախ ասում է, որ ինձանից խնդրեցին, որ ԱՄՆ-ի տեսակետը ասեմ եւ խոսքը սկսում է «կարծում եմ»-ով ու իր տեսակետն է ասում: Իմիջիայլոց, շատ խորամանկ հայտարարություն էր»:

ՀՀԿ-ի փոխնախագահն նաեւ ասաց` ցանկանում է հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր, որ մեկը Օսկանյանին երկու միլիոն դոլար գումար տա ու ասի` ոնց ուզում ես բարեգործություն արա:

«Բարեգործը ծրագիրն էլ հետն է տալիս, թե ինչ նպատակով [ծախսվի գումարը]: Էդ Հայաստանում մենակ Օսկանյա՞նն էր… դե, մեկը բերի որեւէ մեկին 200 դոլար տա, ասի, գնացեք բարեգործություն արեք: Կասկածներ կան, դրա համար ունենք լիազոր մարմին, այն ինչ խորհրդարանում ասաց, կկարողանա ապացուցել, թող ապացուցի, չի կարողանա, ուրեմն կամ ներողություն կխնդրեն Օսկանյանից կամ համապատասխան հետեւանքներ կունենա»:

Վարդան Օսկանյանի գործից բացի, այսօրվա ասուլիսում չշրջանցվեց ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների եւ առաջիկա ընտրությունների հարցը: Մասնավորապես, Գալուստ Սահակյանն ասաց, թե շատ լավ կլինի, որ ԲՀԿ-ի, ինչպես նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված:

«Ազատություն» ռադիոկայանի արցին, թե ո՞րն է այն գինը, որը ՀՀԿ-ն վճարելու է ԲՀԿ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Դոլարի կամ եվրոյի կուրսը որ փոխվի, էդ ժամանակ կասենք: Մեր ամեն ինչը անգին է»:

Սահակյանը նշեց, որ այժմ աշխատում են իրենց թեկնածուի օգտին, պատրաստվում են դեկտեմբերին կայանալիք Հանրապետականի համագումարին, իսկ թե ով կմիանա իրենց, ինչ նոր ֆորմատներ կառաջանան, ապա բոլորն հնարավոր տարբերակներն էլ դիտարկում են: Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության փոխնախագահը բացառեց, թե 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այս պահի վերլուծություններով չեմ կարծում նման բան լինի», - ասաց Սահակյանը` ընդգծելով, թե նախագահի թեկնածու չի համարում նաեւ Վարդան Օսկանյանին, քանի որ նա իր պաշտոնավարության ժամանակաշրջանում մեծ քաղաքականության հետ «որեւէ աղերս չի ունեցել»:

«Գլոբալ ներքին քաղաքականության մեջ ընդհանրապես մոտեցում չի ունեցել: Ասեմ նաեւ, որ նա որեւէ գյուղում գյուղացու տուն չի մտել, նա որպես գործիչ նման իրավիճակներում օտարված է, բայց ինքն էլ սոլիդ, կարգին տրամաբանությամբ անձնավորություն է, բայց դա չի նշանակում, որ սոլիդ է, կարող է նախագահ դառնալ կամ բանաստեղծ», - ասաց Սահակյանը:

Ինչպես բոլոր ՀՀԿ-ականները, Գալուստ Սահակյանը նույնպես պնդեց, որ իրենց թեկնածուն` գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթելու է եւ վերընտրվելու է նախագահի պաշտոնում: Լրագրողները հարցրեցին, թե դեռեւս ընտրությունները չսկսված ինչպե՞ս է նման պնդումներ անում:

«Լավ ենք անում, ասում ենք, առավել եւս իր [Սերժ Սարգսյանի] ռեյտինգը ավելի բարձր է, քան Հանրապետական կուսակցությանը: Էնքան բարձր է, որ Սերժ Սարգսյանը նորից նախագահ կլինի», - ասաց նա:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն պնդումներին, թե նման հայտարարությունը բռնապետական ռեժիմի հայտարարություն է, քանի որ մինչեւ վերջին պահը հնարվոր չէ իմանալ, թե ժողովուրդը ում կընտրի, Սահակյանն ասաց. - «Էհ, մի ժամանակ էլ Լեւոնին էինք ասում պիտի հաղթի, հիմա եթե էն վախտ չենք դատվել, հիմա խի՞ պիտի դատվենք»:

Իշխող կուսակցության փոխնախագահին լրագրողները նաեւ հարց ուղղեցին վերջին շրջանում հաճախակի դարձած հրդեհների մասին, մասնավորապես, թե ինչո՞ւ է պարբերաբար այրվում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի տանիքը, կամ ՀՀԿ-ի միջոցառման ժամանակ բռնկվում են փուչիկները` վնաս հասցնելով տասնյակ մարդկանց, կամ հրավառություններից հետո այրվում են Հանրապետության հրապարակում տեղակայված շենքերի տանիքները եւ այլն:

«Ժողովուրդն ասում է` էդքան ում վրա կռռաս, որ մի փորձանքի չգա», - ասաց Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG