Մատչելիության հղումներ

30 միլիոն դրամ տուգանք «ԱրմենՏել» ընկերությանը


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «ԱրմենՏել» ընկերությունը տուգանվել է 30 միլիոն դրամով։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով, «ԱրմենՏել» ընկերությունը առանց սպառողին տեղեկացնելու, ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառել է տարբերակված գին՝ մոլորեցնելով սպառողներին։ Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել 30 միլիոն դրամ տուգանքը:

Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Ալիաս» ընկերությունը, տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏել»-ի «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից: «ԱրմենՏել»-ի ինտերնետային կայքում եւ տեղեկատվական բուկլետներում նշված է, որ այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Սակայն «Ալիաս»-ի աշխատակիցները պարզել են, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ:

Ըստ «ԱրմենՏել»-ի ներկայացրած բացատրությունների, սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանք «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթից օգտվելու համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր շատերն են օգտվում ինտերնետ ծառայություններից եւ հնարավոր է, որ անտեղյակ լինելու պատճառով այլ քաղաքացիներ նույնպես խաբվել են ընկերության կողմից, Արտակ Շաբոյանը կոչ արեց բոլոր տուժածներին՝ ՏՄՊՊՀ որոշման հիման վրա դատական կարգով փոխհատուցում պահանջել «ԱրմենՏել» ընկերությունից։

«ԱրմենՏել» ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, տեղեկացնելով, որ դեռեւս որոշումն ամբողջությամբ չեն ստացել առավել մանրամասն գնահատական տալու համար, այնուամենայնիվ շեշտեց, որ համաձայն չէ ՏՄՊՊՀ-ի՝ «անբարեխիղճ մրցակցություն» որակման հետ։

«Հանձնաժողովի՝ վերջերս ընդունված որոշումները, իմ կարծիքով, շատ անգամ ձեւական պատճառ գտնելով, որակավորվում է որպես մրցակցության խախտում», - նշեց «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը, - «Ճիշտ հասկացեք՝ տուգանքի խնդիր չկա․ 30 միլիոնը «ԱրմենՏել»-ի համար այդքան մեծ գումար չէ։ Սկզբունքային հարց է՝ արդյոք այդ հանձնաժողովը կոչված է պաշտպանել մրցակցությունը, թե՞ առանձին դեպքերում ուղղակի այդպես՝ գեղեցիկ քայլեր կատարել ու ցույց տալ ինչպես է նա պայքարում սպառողների շահերի համար»։

Ամենայն հավանականությամբ, «ԱրմենՏել»-ը կբողոքարկի Հանձնաժողովի կայացրած որոշումը։

«ԱրմենՏել»-ից զատ հանձնաժողովը ստացել է դժգոհություններ «Հայփոստ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների գործունեության վերաբերյալ: Սակայն հանձնաժողովը որոշեց տուգանք չկիրառել վերջիններիս նկատմամբ, քանզի վերոնշյալ ընկերությունները քայլեր են ձեռնարկում խնդիրները լուծելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG