Մատչելիության հղումներ

Նալբանդյանը եւ Մամեդյարովը հնարավոր է առաջիկայում հանդիպեն


Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյան եւ Էլմար Մամեդյարով, արխիվ
Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյան եւ Էլմար Մամեդյարով, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը արդբեջանական APA գործակալությանը ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հնարավոր է առաջիկա օրերին հանդիպեն:

Ժակ Ֆորն ասել է, որ համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ըստ այս լուրի, Ֆորն ասել է, թե «այդ հարցը գրեթե լուծված է, հանդիպումը շուտով կկայանա՝ առաջիկա օրերին»:

Նույն լրատվամիջոցը նաեւ փոխանցել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեի խոսքերը, ով նույնպես ասել էր, թե Ֆրանսիան մյուս երկու համանախագահող երկրների հետ պլանավորում է մոտ ապագայում կազմակերպել Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

«Ես չգիտեմ բոլոր մանրամասները, հանդիպումը կարող է կայանալ Փարիզում, կամ այլ վայրում, որը նրանք ընտրեն», - ասել էր դեսպանը:

Պասկալ Մոնյեն նշել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Ռուսական կողմը եւս արձագանքել է այս լուրերին:

«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելը միայն Ֆրանսիայի նախաձեռնությունը չէ: Բանակցությունների շարունակումը համանախագահ երկրների համատեղ աշխատանքի արդյունք է», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը APA գործակալության Մոսկվայի թղթակցին:

Լուկաշեւիչի խոսքով՝ հանդիպումը կկայանա այս ամսվա վերջին:

«Այս հանդիպման արդյունքներից կախված՝ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Մոսկվան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ամենակարեւորը կողմերի միջեւ բանակցային գործընթացը շարունակելն է», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ոչ հերքեց, ոչ հաստատեց առաջիկա հանդիպման մասին լուրերը:

Բանակցային գործընթացը գործնականում դադարեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու, հերոսացնելու հետեւանքով:
Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ այս քայլով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը, բանակցությունները վիժեցնելու հերթական փորձն է անում: Հայաստանի իշխանությունները միաժամանակ հայտարարում էին, որ պատրաստ են շարունակելու բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG