Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան հանձնաժողովը օրակարգում նաեւ հայկական ատոմակայանն է


Այսօր Երեւանում մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ:

Փոխպետքարտուղարի տեղակալ Ռուբինն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքեջի, հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված են բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձեւավորմանն առնչվող հարցեր՝ շեշտադրելով հարկային եւ մաքսային քաղաքականության, արդար եւ հավասար մրցակցության եւ մտավոր սեփականության իրավունքներին առնչվող խնդիրները: Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, օրակարգում են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր, այդ թվում՝ հայկական ատոմակայանի լիցենզիայի երկարաձգում եւ անվտանգության գծով աջակցություն, նոր ռեակտոր ներդնելու առաջարկ, հիդրոէներգետիկա եւ էլեկտրաէներգիայի ստացման այլ այլընտրանքային աղբյուրներ եւ այլն:

Հիշեցնենք՝ 2011 թվականի սեպտեմբերին Հայաստան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի օգնությունն էր առաջարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցում: Վերջինս նշել էր, թե ֆրանսիական մի պատվիրակություն կգործուղվի Երեւան այդ խնդիրները քննարկելու նպատակով:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարություններն այսօր կստորագրեն փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG