Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Ադրբեջանում խրախուսվում է ռասիզմը»


«Չնայած ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարին՝ ԱՊՀ-ի տարածքում կան երկրներ, որտեղ խրախուսվում են ռասիզմի երեւույթները: Այսօր Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, այսօր Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) համաժողովին` նվիրված մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին։

«Այս տարվա գարնանն Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով կառավարության նիստին, հայտարարեց. - «Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է», - հիշեցրել է Շարմազանովը` շարունակելով. - «Նման ռասիստական եւ հակամարդկային հայտարարություններն իրենց արտացոլումն են գտնում զանգվածային լրատվամիջոցներում եւ համացանցում»:

«2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման ենթարկեց՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: Ուշագրավ է, որ դեռ դատի ժամանակ ոճրագործի փաստաբանը հայտարարեց, թե «հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում», - ասել է Ազգային ժողովի փոխնախագահը եւ հավելել. - «Արդյո՞ք կարող է լինել ռասիզմի եւ քսենոֆոբիայի առավել ցայտուն օրինակ: Իհարկե՝ ոչ»:

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով Հունգարիայի կառավարության հետ, մարդասպանին տուն վերադարձրեց եւ ներում շնորհեց: Քնած հայ սպային կացնահարածին ներում շնորհելը քսենոֆոբիայի ամենացայտուն օրինակն է: Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են, որ Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ նպաստում տարածաշրջանում ապակայունության եւ լարվածության աճին», - հայտարարել է Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG