Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի առաջարկած աշխատատեղերը չեն համալրվում


Մոտ մեկ ամիս է անցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունից, թե քաղաքապետարանը մոտ 500 աշխատատեղ է առաջարկում տրանսպորտի, կանաչապատման եւ սանմաքրման ոլորտներում։ Այսօր դեռ 420 թափուր աշխատատեղեր կան։

Տարեսկզբին Չինաստանից ներկրված 250 ավտոբուսներից 80-ը դեռ կանգնած են եւ չեն կարողանում երթուղիներ դուրս գալ, քանի որ վարորդներ չկան։

Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը համաձայն չէ դիտարկմանը, թե վարորդները չեն շտապում աշխատանքի անցնել, քանի որ աշխատավարձը՝ 80 հազար դրամը, ցածր է։

«Մոտավորապես 200-220 հազարի կարող է հասնել, եւ քանի դեռ մենք ավտոբուսների ավտոմատ սարքավորումներ չունենք տեղադրած, որ անմիջապես գումարը մուտք արվի այդտեղ, բացի այդ աշխատավարձից կարծես թե որոշակի ստվերային ձեւով գումար է մնում վարորդի մոտ», - մեկնաբանեց Տրանսպորտի վարչության պետը։

Փորձեցինք վարորդներից պարզել, թե ինչո՞ւ չեն դիմում թափուր աշխատատեղերի համար։ Նրանք պատասխանում էին, որ պայմանները լավ չեն, աշխատավարձը ցածր է, աշխատանքը՝ դժվար։

Քաղաքապետարանում այսօր նաեւ 200 աշխատատեղ են առաջարկում բանվորների եւ հավաքարարների համար։

«Ինչո՞ւ մարդիկ չեն դիմում», - հարցրեցինք քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության, աղբահանության եւ սանմաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանին։

«Այնպես չէ, որ ընդհանրապես չեն դիմում, որովհետեւ վերջին 2 ամիսների ընթացքում մենք արդեն 50 նոր աշխատողներ ունենք», - նշեց Ահարոնյանը, - «Իսկ թե ինչո՞ւ չեն դիմում՝ գուցե մարդիկ ակնկալիք ունեն էլ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, կամ մասնագիտությամբ աշխատանք գտնել»։

Գրետա Խաչատրյանը, ով ավելի քան 7 տարի քաղաքապետարանում որպես կանաչապատման բանվոր է աշխատում, ստանալով ամսական մոտ 72 հազար դրամ աշխատավարձ, ասում է, որ վարձատրությունը ցածր է, իսկ աշխատանքը՝ ծանր, բայց գոյությունը պաշտպանելու համար ստիպված է աշխատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG