Մատչելիության հղումներ

Իվանիշվիլիին վերադարձվեց Վրաստանի քաղաքացիությունը


Բիձինա Իվանիշվիլին կրկին կարող է Վրաստանի քաղաքացի դառնալ: Հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի հիմնադրին վրացական անձնագիրը վերադարձնելու հրամանագիրը Միխեիլ Սահակաշվիլին ստորագրեց այսօր կեսօրին: Երկրի ղեկավարի այս որոշման մասին լրագրողներին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանժղալաձեն:

«Բիձինա Իվանիշվիլին կարող է Վրաստանի քաղաքացի դառնալ այն պահից սկսած, երբ պաշտոնապես դադարի հանդիսանալ Ֆրանսիայի քաղաքացի», - հայտարարել է Մանժղալաձեն:

Հիշեցնենք, որ Իվանիշվիլին վրացական անձնագրից զրկվեց անցած տարվա աշնանը` մի քանի օր անց այն բանից հետո, երբ հայտարարեց ընդդիմության կողմն անցնելու եւ խորհրդարանական ընտրություններին ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին: Այժմ, երբ բոլոր խոչընդոտները կարծես հաղթահարված են, հստակ է, որ Իվանիշվիլին զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը` ընտրություններում արձանագրած հաղթանակից հետո դառնալով երկրի ամենաազդեցիկ պաշտոնյան:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ, Իվանիշվիլիին կառավարության ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը կստորագրվի առաջիկա ժամերին` ամենաուշը վաղն առավոտյան: Դրան զուգահեռ Իվանիշվիլին հստակեցնում է նոր կառավարության կազմը` նշելով, որ նախապես հրապարակված ցանկի համեմատ որոշակի փոփոխություններ կան:

Ամենաանսպասելի քայլը թերեւս ֆուտբոլիստ Կախա Կալաձեին էներգետիկայի նախարար նշանակելու որոշումն էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալաձեն առաջադրվել էր Տարածքային կառավարաման եւ ենթակառույցների նախարարի պաշտոնում: Ինքը աշխարհահռչակ ֆուտբոլիստն իր նոր նշանակումից փոքր-ինչ շփոթված էր:

«Էներգետիկան ինձ համար միանգամայն նոր ոլորտ է, առայժմ ոչ այնքան հասկանալի, բայցեւայնպես շատ հետաքրքիր: Նախեւառաջ ցանկանում եմ նշել, որ մենք զարգացնելու ենք հիդրոէներգետիկան, փոքր ՀԷԿ-երի կառուցումը` անելով ամեն ինչ, որպեսզի չվնասենք շրջակա միջավայրը», - նշել է «Միլան»-ի եւ Վրաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպանը:

Փոփոխություններ կան նաեւ կառավարության սոցիալական բլոկում: Առողջապահության նախարարի պաշտոնում առաջադրված Ամիրան Գամկրելիձեն, ով, ի դեպ, նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի թիմակիցներից է, այսօր հրաժարվեց զբաղեցնել այդ պաշտոնը` նշելով, թե ցանկանում է խուսափել շահերի բախումից:

«Երբ մի քանի օր առաջ ես ընդունեցի պարոն Բիձինայի առաջարկը` զբաղեցնել Առողջապահության նախարարի պաշտոնը, մի կարեւոր հանգամանք վրիպել էր մեր ուշադրությունից: Իմ որդին զբաղեցնում է երկրի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնը, ուստի իմ այս նշանակումը կարող է բարոյակայան կոնֆլիկտի եւ փաստացի շահերի բախման պատճառ հանդիսանալ», - նշել է Գամկրելիձեն:

Ի դեպ, Իվանիշվիլին խոստանում է, որ իր ղեկավարած կառավարությունը ենթարկվելու է ոչ միայն կադրային, այլեւ որոշակի կառռւցվածքային ձեւափոխումների: «Վրացական երազանք»-ի ղեկավարը պատրաստվում է տարանջատել արդարադատության նախարարի եւ Գլխավոր դատախազի պաշտոնները, որոնք մի քանի տարի առաջ եվրոպական պետությունների մեծամասնության օրինակով միավորվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG