Մատչելիության հղումներ

Հայ դատ. «Ամերիկահայ համայնքը չի սատարում թեկնածուներից ոչ մեկին»


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը երեկ հայտարարել է, որ ո՛չ դեմոկրատ Բարաք Օբաման, ո՛չ հանրապետական Միթ Ռոմնին չեն ստացել ամերիկահայ համայնքի պաշտոնական աջակցությունը Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում։

«Ո՛չ Բարաք Օբաման, ով ետ կանգնեց ամերիկահայության խնդիրների առնչությամբ իր կողմից բազմիցս տրված խոստումներից, ո՛չ Միթ Ռոմնին, ով որպես Մասաչուսեթսի նախկին նահանգապետ աչքի չի ընկել որեւէ հրապարակային դիրքորոշմամբ մեր համայնքի համար հատուկ կարեւորություն ներկայացնող հարցերում, չեն վաստակել ամերիկահայ ընտրողների աջակցությունը», - Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` հայտարարել է, մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը։

Միաժամանակ, Հայ դատի հանձնախումբը պատրաստակամ է մնում ներկայացնել ամերիկահայության տեսակետները եւ արժեքները ընտրություններում հաղթողին եւ կշարունակի աշխատել Սպիտակ տան, Ազգային անվտանգության խորհրդի, Պետդեպարտամենտի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական այլ պատասխանատուների հետ` առաջընթաց ապահովելու իր օրակարգը կազմող բոլոր հարցերում, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG