Մատչելիության հղումներ

Մանկատներում եւ ծերանոցներում չարաշահումներ են հայտնաբերվել


Կոռուպցիա՝ մանկատներում եւ ծերանոցներում
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00
Երեւանի եւ մարզերի մանկատներում ու ծերանոցներում սննդամթերքի գնումների հետ կապված բազմաթիվ աղմկահարույց չարաշահումներ են հայտնաբերվել: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:

Պետական գնումների շրջանակում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետության տարածքում գործող 18 հաստատությունների կողմից ապրանքների գնման նպատակով հայտարարված շուրջ 100 մրցույթների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Հաշիվ ապրանքագրերը փաստում են, որ որոշ մանկատներ եւ ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչեւ 200 տոկոս թանկ գնով: Օրինակ սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ:

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում մենք արդեն իսկ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների ենթարկել ենք պատասխանատվության: Պատժել ենք այդ տնտեսվարողներին, եւ մնացած այլ բոլոր դեպքերում երբ տեսել ենք, որ մեղավոր են նաեւ պետական պաշտոնյաները, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, շրջանցել են օրենսդրության պահանջները, բոլոր այդ դեպքերը ուղարկել ենք գլխավոր դատախազություն: Մենք արդեն 200-ից ավելի դեպքեր ունենք», -ասաց Շաբոյանը:

«Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց ճշտել այն հինգ կազմակերպությունների անունները, որոնց նկատմամբ վարույթ է հարուցվել: Դրանք են «Մադոննա» ընկերությունը, «Անահիտ Խալաթյան», «Վահրամ Մելքումյան», «Գառնիկ Վարդերեսյան», «Ռաֆայել Գրիգորյան» անհատ ձեռնարկատիրությունները: Ըստ Շաբոյանի` պետական գնումների ոլորտում արված բացահայտումները ոչ միայն բացասաբար են ազդում մրցակցության վրա, այլ նաեւ վնասում են պետական բյուջեին:

«Մենք չպետք է բավարարվենք միայն չարաշահողներին տուգանելով եւ գործերը իրավապահ մարմիններին ուղարկելով: Մենք այսուհետ «սեւ ցուցակ» ենք կազմելու, եւ պետք է այնպես անենք, որ չարաշահողները ընդհանրապես հնարավորություն չունենան մասնակցելու պետգնումների շրջանակում անցկացվող մրցույթներին», - հայտարարեց Շաբոյանը:

ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ պետությանը պատճառված վնասի չափը պարզ կլինի միայն մեկ ամիս հետո, երբ ամբողջապես հաշվեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների հասցված վնասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG