Մատչելիության հղումներ

«Սիվիլիթասի» գործով հարցաքննության կանչված անձինք չեն ներկայացել ԱԱԾ


«Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյան
«Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյան
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի ներկա եւ նախկին չորս անդամներին այսօր հրավիրել էր հարցաքննության ծառայության քննչական վարչությունում փողերի լվացման հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում: Սակայն հրավիրվածներից ոչ մեկը չի ներկայացել ԱԱԾ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին «Սիվիլիթաս» հիմնադրամից:

ԱԱԾ-ում քննվող գործում միակ մեղադրյալը «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանն է:

Խորհրդի ներկայիս նախագահ, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր եւ խորհրդի մյուս անդամ` Կարինե Հարությունյանի բացակայությունը զբաղվածությամբ բացատրեց: Խաչատրյանը ասաց` ծանուցագիրը ուշ (ուրբաթ օրն) են ստացել, չեն հասցրել քննչական մարմնին տեղեկացնել երկուշաբթի օրվա իրենց ծրագրերի մասին: «Գալա»-ի սեփականատերը առաջին իսկ հրավերի դեպքում պատրաստվում է պնդել, որ ավելի վաղ տված իր ցուցմունքները խեղաթյուրվել են:

Խոսքը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդարանի ամբիոնից արած այն հայտարարության մասին է, որ գործում առկա են «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդ անդամների ցուցմունքներ, որով ապացուցվում է, թե վերջինները տեղյակ չեն եղել, թե Հանթսմանները Օսկանյանի հաշվեհամարին բարեգործության նպատակով 530 միլիոն դրամ են փոխանցել:

«Ես եւ Կարինե Հարությունյանը տեղյակ ենք չենք եղել փոխանցումից, որովհետեւ այդ ժամանակ դեռեւս խորհրդի անդամ չենք եղել, բայց, հետագայում դառնալով խորհրդի անդամ, տեղեկացել ենք գումարի առկայության մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս»-ի խորհրդի ներկայիս նախագահը:

«Գալա»-ի սեփականատիրոջ կարծիքով` գլխավոր դատախազը հենց իրենց ցուցմունքներին է հղում կատարել խորհրդարանում:

«Նախորդ անգամ հարցրել են, թե արդյոք մենք տեղյակ ենք եղե՞լ գործարքից, որը կատարվել է Վարդան Օսկանյանի եւ Հանթսմանի միջեւ: Ես պատասխանել եմ, որ գործարքից տեղյակ չեմ եղել, բայց բանից պարզվեց, որ երբ գլխավոր դատախազը ԱԺ-ում ներկայացնում էր խնդրո առարկան, այսպես ասած, մի քիչ նենգափոխվեց եւ կատարվեց մանիպուլյացիա, եւ գլխավոր դատախազի ասածից ստացվեց, որ մենք տեղյակ չենք, որ Վարդան Օսկանյանի հաշվին եղել է այդ գումարը: Սա կոչվում է պարզ մանիպուլյացիա` ինֆորմացիայով: Ուզում եմ ասել` մենք տեղյակ ենք եղել, որ Օսկանյանի հաշվին կա այդ գումարը», - ասաց Խաչատրյանը:

Արձագանքելով «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանի հայտարարություններին` գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ասաց. - «Գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարություններ է արել` հիմնվելով նախաքննական մարմնի` ԱԱԾ-ի քննչական վարչության տրամադրած ապացույցների վրա: Դրանց մեջ են նաեւ խորհրդի անդամների ցուցմունքների արձանագրությունները, ըստ որոնց տարբեր անդամներ գրել են, թե տեղյակ չեն եղել Օսկանյանի հաշվեհամարին փոխանցված գումարներից»:

Տռուզյանի փոխանցմամբ` նախաքննական մարմինն այս փուլում նպատակահարմար չի գտնում հրապարակել, թե հատկապես ում ցուցմունքների մասին է խոսքը, սակայն անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն թե նրանց անունները, թե ցուցմունքներն ամբողջությամբ:

«Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե անգամ հիմնադրամի խորհրդի անդամները տեղյակ չեն եղել Հանթսմանի եւ Օսկանյանի միջեւ կնքված քաղաքացիաիրավական գործարքից, դա հիմք չի տալիս պնդելու, թե փողերի լվացում է տեղի ունեցել:

«Դրանից, բնականաբար, չի հետեւում, որ փողերի լվացում է տեղի ունեցել, երբ ամեն ինչ թափանցիկ, հստակ է: Ոչ ոք չի ժխտում, որ այդ գումարը փոխանցվել է, այդ գումարը պարոն Օսկանյանին է հանձնվել, պարոն Օսկանյանն էլ այդ գումարից հատկացումներ է արել», - ասաց Գրիգորյանը:

Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի պատգամավորներին բաժանել էր փաստաթղթերի պատճեններ, որտեղ նշված էր, թե «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի ներկա եւ նախկին անդամները տեղյակ են եղել Հանթսմանի տրամադրած գումարների մասին:

Փաստաբանն ասում է, ԱԱԾ-ն գործի քննության ընթացքում նոր հանգամանքներ չի հայտնաբերել:

«Ըստ երեւույթին, իրենք իրենց պատկերացմամբ, ուզում են լրացուցիչ հիմնավորումներ գտնել, բայց ինչքան էլ ուզում են հիմնավորումներ բերեն, դրանից դա հանցագործություն չի դառնա», - ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG