Մատչելիության հղումներ

Հայաստանը «առաջատար դիրքերում է ֆրանկոֆոն երկրների շարքում»


Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի շրջանակներում, երեկ երկու համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը ստորագրել են Հայաստանի եւ ՖՄԿ-ի միջեւ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ՖՄԿ-ի գործադիր տնօրեն Կլեմեն Դյուեմը համաձայնագիր են ստորագրել Հայաստանի քաղծառայողներին եւ դիվանագետներին ֆրանսերեն լեզվի ուսուցման վերաբերյալ:

Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ նրա կառույցների աջակցությամբ ընդլայնել ֆրանսերեն լեզվի ուսուցման ծավալները Հայաստանի կրթական հաստատություններում, Հայաստանի գրադարաններում ֆրանկոֆոն բաժիններ բացել, ակտիվացնել ֆրանկոֆոն այլ երկրների հետ մշակութային փոխանակումները, խթանել հայկական լրատվամիջոցների կողմից ֆրանսերեն լեզվով թողարկումները, աջակցել ֆրանսերեն լեզվով Հայաստանի մասին տեղեկատվական եւ տուրիստական նյութերի պատրաստմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Այս պահին, երբ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների վաղվա նիստի օրակարգում է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի փոփոխության հարցը, մենք ստորագրում ենք երկու կարեւոր փաստաթղթեր, որոնք թույլ կտան առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ»:

ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը նշել է, մասնավորապես, որ չնայած Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքին ասոցիացված անդամի կարգավիճակով միացել է միայն 2008 թվականին, այսօր այն հանդիսանում է ամենաակտիվներից մեկը եւ առաջատար դիրքերում է գտնվում ֆրանկոֆոն երկրների շարքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG