Մատչելիության հղումներ

Սամվել Բալասանյանը ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան
Սամվել Բալասանյանը հինգշաբթի օրը ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:

Քաղաքապետարանի աշխատակազմին` նրանց, ովքեր դիմում չէին գրելու ու Վարդան Ղուկասյանի հետ չէին հեռացրել, ներկայացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Ներկայացման արարողությունը քաղաքապետի աշխատասենյակում անցկացվեց:

Հիշեցնենք, սեպտեմբերի 9-ին կայացած Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, ում սատարում էր նաեւ իշխող Հանրապետականը, ստացավ ձայների մեծամասնությունը:

«Հաշվի առնելով, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ժամկետից շուտ հրաժարական է տվել, այդ իսկ կապակցությամբ նորընտրիր քաղաքապետը ստանձնում է իր պարտականությունները: Եկեք բոլորս միասին շնորհավորենք պարոն Բալասանյանին», - ասաց Գիզիրյանը:

Շիրակի մարզպետը նաեւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց: Գիզիրյանի կարծիքով` ժամկետից շուտ Վարդան Ղուկասյանի պաշտոնից հեռանալը ճիշտ որոշում էր:

«Չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանին որեւիցե մեկը պարտադրել է կամ ուղղորդել է, որ հրաժարական տա: Պարոն Ղուկասյանը ճիշտ է արել, արդեն իսկ կա նորընտրիր քաղաքապետ, որը պետք է անցնի իր պարտականություններին, իսկ պարոն Ղուկասյանը որոշել է մի ամիս էլ ավել հանգստանա, ի՞նչ է եղել», - ասաց մարզպետը:

Սամվել Բալասանյանը, դիմելով ներկաներին, ասաց, թե կփորձի չորս տարիների ընթացքում անել հնարավորը «բոլոր տեսակի խնդիրները լուծելու համար»:

«Շատ պրոբլեմներ կան կուտակված, բնական է, երկրաշարժից հետո չէր էլ կարող իդեալական վիճակում լինել քաղաքը, եւ այդ պրոբլեմները կփորձենք միասին լուծել», - ասաց նա:

Գյումրիի քաղաքապետն իր առաջին գործը տեսնում է գույքագրում անցկացնելու մեջ:

«Սկսելու ենք գույքագրումից, որպեսզի հասկանանք, թե ինչ ունենք քաղաքում: Տեսնենք, ինչ պակաս տեղեր ունենք», - ասաց նորընտիր քաղաքապետը:

Բալասանյանը անդրադարձավ նաեւ կադրային կրճատումների հարցին:

«Ով մասնագետ է, կմնա, կաշխատի, իսկ ով չի համապատասխանում, չի աշխատի, որովհետեւ հենց մասնագետներից է սկսվում ամեն ինչ: Կուսումնասիրենք, վերլուծություն կկատարենք, եւ դրանից հետո բնականաբար, մենք մեր խոսքը կասենք», - ասաց նա:

Թիվ 36 ընտրատարածքում, որտեղից Բալասանյանը պատգամավոր էր ընտրվել, լրացուցիչ ընտրություններ են նշանակվել: Լուրեր կան, որ այդ ընտրատարածքում առաջադրվելու է Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը: Քաղաքապետը հերքեց այդ լուրերը` ասելով, թե որդին զբաղվելու է բիզնեսով:

Այդ ընտրատարածքում դեռ ոչ մի թեկնածու չի առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG