Մատչելիության հղումներ

Համապատասխան մարմինները «պետք է հետեւություններ անեն դեսպանի կոշտ գնահատականներից»


Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովին է ներկայացնում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, Երեւան, 1-ը հոկտեմբերի, 2012թ.
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովին է ներկայացնում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, Երեւան, 1-ը հոկտեմբերի, 2012թ.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը այսօր իր անհանգստությունն է հայտնել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «վիճահարույց քրեական մեղադրանքների» հիման վրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ:

«Սա հատկապես անհանգստացնող է` հաշվի առնելով այն համառ պնդումները, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքներում դեր են խաղացել քաղաքական դրդապատճառները», - ընդգծել է Ֆիշերը իր հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում։

«Եթե այդ պնդումները հաստատվեն, ապա դա կնշանակի հետքայլ վերջին մեկուկես տարվա ընթացքում արձանագրված` քաղաքական հարցերի կարգավորման դրական ուղուց», - հայտարարել է ԵԽԽՎ-ի համազեկուցողը եւ հավելել, որ նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով պարզաբանել Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքները, ինչպես նաեւ այն հիմքերը, որոնց հիման վրա խորհրդարանը նրան զրկել է անձեռնմխելիությունից:

ԲՀԿ-ն հույս ունի, որ ԱՄՆ-ի դեսպանի կոչը տեղ կհասնի

Օսկանյանի գործի հետ կապված բավական կոշտ հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը` ընդգծելով, որ այդ զարգացումը, իր կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության եւ ժողովրդավարության տեսանկյունից:

Այս հայտարարությունից հետո Ջոն Հեֆերնը չորեքշաբթի օրը իր նախաձեռնությամբ հանդիպեց նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով նույնպես ներկա է եղել հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դեսպանը իր մտահոգությունն է հայտնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հանգամանքի շուրջ, ինչպես նաեւ մտահոգիչ է համարել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում նախագահական ընտրություններից առաջ: Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ իր հանձնարարությամբ գործը ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Օսկանյանի դեմ ներկայացված մեղադրանքների բոլոր անհիմն լինելը:

«Դեսպանը արդեն իսկ իր տարածած հայտարարության մեջ շատ կոշտ գնահատականներ է տվել տիրող իրավիճակին, եւ կարծում եմ, սրանից պետք է համապատասխան մարմինները համապատասխան հետեւություններ անեն: Կարծում եմ, հայտարարության մեջ դեսպանի կողմից ներկայացված փաստարկների հասցեատերերը կտեսնեն իրենց, եւ ամեն դեպքում հույս եմ հայտնում, որ ինչպես այլ մարմինների, այնպես էլ դեսպանի կոչը տեղ կհասնի, եւ իրականում տեղի կունենա գործի արդարացի քննություն», -ասաց Տոնոյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Ծառուկյանը, Տոնոյանը պատասխանեց. - «Ինչպես ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդի, խորհրդարանական խմբակցության` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, բոլորի ակնկալիքը մեկն է, որպեսզի լինի արդարացի քննություն եւ ապացուցվի Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում Ջոն Հեֆերնն ու Գագիկ Ծառուկյանը խոսե՞լ են առաջիկա նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ դրանց` Ծառուկյանի հնարավոր մասնակցության մասին, Տոնոյանն ասաց, թե եղել հարցեր, որոնք «off the record» ֆորմատի մեջ են քննարկվել, եւ հետեւաբար դրանք հրապարակման ենթակա չեն:

Ինչ վերաբերում է Օսկանյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն պետք է նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով, եւ առաջին հերթին դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը, ապա Տոնոյանը ասաց, թե դա Օսկանյանի անձնական դիրքորոշումն է:

«Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու հարցին, ապա բազմիցս շեշտվել է, որ երբ լինի վերջնական դիրքորոշում այդ մասին, անպայման դրան հայտարարություն կհաջորդի, եւ հանրությունը անպայման կտեղեկացվի ինչպես Գագիկ Ծաոռւկյանի, այնպես էլ ԲՀԿ-ի անելիքների մասին», - ասաց Տոնոյանը:

Դատախազությունը չի մեկնաբանում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը

Հայաստանի գլխավոր դատախազությունը ձեռնպահ է մնում Վարդան Օսկանյանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը մեկնաբանելուց։

«Դատախազությունը իրավապահ մարմին է եւ քաղաքական հայտարարություններ չի մեկնաբանում, առավել եւս, երբ այս գործով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի Վարդան Օսկանյանի գործողություններին տրվող իրավական գնահատականները որեւէ կերպով չանդրադառնան նրա քաղաքական գործունեության վրա, այսինքն, որպես պատգամավոր` Օսկանյանը այսուհետեւ եւս կարող է ազատորեն շարունակել իր աշխատանքը, օգտագործելով այդ թվում նաեւ խորհրդարանական ամբիոնը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Խոսնակը նաեւ ընդգծեց, որ քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հիմքեր չի տեսնում Վարդան Օսկանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG