Մատչելիության հղումներ

Հայաստանը դեմ է ինտերնետի վերահսկմանը


Այս տարի դեկտեմբերին Դուբայում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության միջազգային միության կոնֆերանսը, որտեղ քննարկվելու է մի փաստաթուղթ, որի ընդունման դեպքում կազմակերպության անդամ երկրներին ինտերնետը վերահսկելու հնարավորություն կտրվի:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու է նաեւ մի առաջարկ, որով նախատեսվում է հեռահաղորդակցություն հասկացությունը սահմանել որպես ազդանշանի ստացում, հաղորդում եւ նոր հասկացություն` մշակում: Հենց «մշակում» բառն էր, որ մեծ աղմուկ էր բարձրացրել ինտերնետից օգտվող հանրության շրջանում:

Դեկտեմբերին կայանալիք կոնֆերանսի ժամանակ ամեն երկիր հնարավորություն կունենա ներկայացնելու այս հարցի շուրջ սեփական տեսակետը: Որոշում կայացնելու համար մոտ մեկ ամիս առաջ տրանսպորտի եւ կապի նախարարությունը դիմել էր ինտերնետ պրովայդերներին, նրանց կարծիքը փաստաթղթի շուրջ ճշտելու համար: Երկար քննարկումներից հետո նախարարությունը կայացրել է իր որոշումը:

Փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով` անկախ դեկտեմբերին կայացվելիք որոշումից, Հայաստանը կմնա նույն կարծիքին, այստեղ կվերահսկվի միայն այն, ինչ արգելված է օրենքով:

«Օրինակ, մենք դեմ ենք նամակագրության վերահսկմանը, այսինքն ընդհանուր բովանդակության վերահսկմանը դեմ ենք, բայց վերահսկել պետք է այն, ինչ որ արգելված է, օրինակ մանկական պոռնոգրաֆիան», - ասաց Ալեքսանյանը:

Ամեն երկիր յուրօրինակ ձեւով է մոտենում այս հարցին: Օրինակ ներկայումս կան երկրներ, որտեղ անգամ ինտերնետ սրճարան մտնելիս անձնագիր պետք է ներկայացնել: Պարզ է որ այդպիսի երկրները կողմ են վերահսկմանը:

«Ինտերնետ հանրություն» հկ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով` Դուբայում կայանալիք կոնֆերանսի ժամանակ հնարավոր է, որ ամեն երկիր ներկայացնի իր տեսակետը, որից հետո էլ դրանով առաջնորդվի, նաեւ հնարավոր է որ երկրների համար պարտադիր դառնա ընդհանուր որոշումը:

Շուտով Հայաստանում նախագահական ընտրություններ են: Շատերի կարծիքով հնարավոր է որ այդ ընթացքում մեր ինտերնետը որոշակիորեն վերահսկվի: Գրիգոր Սաղյանն ասում է` վերահսկելու ցանկություն միշտ էլ կլինի:

«Բոլոր հասարակություններում էլ կան կողմեր, որոնք հակված են վերահսկելու, բայց դրա հետ մեկտեղ ունենք նաեւ դեմոկրատական ուղղվածություն ունեցող հասարակության մի մեծ մաս, նրանք պետք է իրար հետ համագործակցության արդյունքում որոշեն, թե որ ուղին է մեզ համար ավելի նախընտրելի», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG