Մատչելիության հղումներ

«Իվանիշվիլիի թիմը կգերադասի նվազեցնել հակառուսական հռետորաբանության ծավալը»


Բիձինա Իվանիշվիլին եւ իր թիմակիցները Միխեիլ Սաակաշվիլիի ուղեկցությամբ մտնում են Վրաստանի նախագահի նստավայր, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Բիձինա Իվանիշվիլին եւ իր թիմակիցները Միխեիլ Սաակաշվիլիի ուղեկցությամբ մտնում են Վրաստանի նախագահի նստավայր, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Կհաջողվի՞ արդյոք վրացական նոր կառավարությանը ի կատար ածել Բիձինա Իվանիշվիլիի գլխավոր նախընտրական խոստումը` կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ: Արեւմտյան փորձագետների կարծիքով` Իվանիշվիլիի արտաքին քաղաքական թիմը առաջիկայում կգերադասի նվազեցնել հակառուսական հռետռրաբանության ծավալը` միաժամանակ փորձելով որոշակի տեղաշարժ ապահովել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ բանակցություններում:

Նյու Յորքում գործող Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Լինքոլն Միթչելը, որը, ի դեպ, վերջին ամիսներին նաեւ «Վրացական երազանք» դաշինքի խորհրդատուներից մեկն էր, նշում է. - «Մոսկվային ուղղված Սաակաշվիլիի քաղաքականությունը հանգեցնում էր մի հռետորաբանության, որը, ի վերջո, ձեռնտու էր հենց ռուսներին եւ տալիս էր նրանց այն ամենը, ինչին նրանք ձգտում էին: Ես ճանաչում եմ ապագա պաշտպանության նախարար եւ փոխվարչապետ Ալասանիային, ապագա արտգործնախարար Փանջիկիձեին եւ կարող եմ ասել, որ նրանք այնպիսի դիվանագետներ են, որ, իմ կարծիքով, ի վիճակի կլինեն արդյունավետ կերպով առաջ տանել Վրաստանի արտաքին քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ, Մոսկվայում կարծես հասկանում են, որ այս մարդկանց առկայությունը կառավարությունում նվազեցնում է պատերազմի հավանականությունը: Պետք չէ, սակայն, մոռանալ, որ պատերազմի հավանականությունը շատ հաճախ ձեռնտու էր Ռուսաստանին` նախեւառաջ ներքաղաքական նկատառումներից ելնելով»:

«Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքով էլ` «Ռուսաստանի համար դա կարող է իսկական մղձավանջ դառնալ, երբ վրացական կառավարության կազմում ի հայտ գան մարդիկ, որոնք Աբխազիայի եւ Օսիայի հետ նշանակալի առնչություններ ունենալու ցանկություն հայտնեն»: «2008-ի պատերազմից հետո ռուսական կողմին բավական հեշտ էր` Վրաստանի արդեն նախկին իշխանությունները հայտարարում էին, որ հակամարտությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ է, եւ այդ մոտեցման պատճառով երկկողմ հարաբերություններում որեւէ բան չէր կատարվում», - նշում է դե Վաալը:

Վրացական կողմի գործադրած ջանքերը, սակայն, կարող են բախվել արդեն պաշտոնական Մոսկվայի անզիջում մոտեցմանը: Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճակատագիրը «բանակցությունների առարկա դառնալ չի կարող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG