Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Միեւնույն է Սաֆարովին ներում կշնորհեի»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջան ժամանելուն պես ներում կշնորհեր Ռամիլ Սաֆարովին, եթե անգամ ավելի վաղ իմանար, որ «հայերը եւ նրանց հովանավորները այսպիսի աղմուկ են բարձրացնելու»:

«Ադրբեջանը վերադարձրեց իր սպային հայրենիք, եւ ամենակարեւոր խնդիրը դա է։ Ինչ էլ որ ասեն հայերն ու նրանց հովանավորները, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ես որեւէ նշանակություն չեմ տալիս այդ հայտարարություններին», - երկուշաբթի օրը Թերթերում երիտասարդական նոր կենտրոնի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Ալիեւը ու հավելել, թե «Ադրբեջանի վրա այդ անհիմն հարձակումներից ոչ մեկն անպատասխան չի մնացել»։

Ադրբեջանի առաջնորդը կրկին պնդել է, թե դա շատ ճիշտ որոշում էր, եւ որ մարդասպանի էքստրադիցիան ու ներումը եվրոպական կոնվենցիաների եւ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում է եղել։

Իլհամ Ալիեւի ելույթում, որի տեքստը տարածել է «Ազերթաջ» պետական գործակալությունը, քննադատություն կա Սաֆարովի արտահանձնումն ու ներումը դատապարտող միջազգային կառույցների հասցեին։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը Եվրոպայի խորհրդի քարտուղարի մասին ասել է, թե նա այն մարդն է, որ պետք է հումանիզմն ու մարդու իրավունքները պաշտպանի ու հիշեցրել, որ ժամանակին Եվրախորհուրդը մարդասիրական սկզբունքների անվան տակ ստիպում էր Ադրբեջանին ներում շնորհել հանցագործներին։

«Ամենայն վստահությամբ ասում եմ, որ եթե հայ սպան ադրբեջանցի զինվորականի սպաներ ու միանգամայն հակառակ իրավիճակը լիներ, երբեք այսպիսի աղմուկ չէր բարձրանա», - ասել է Ադրբեջանի նախագահը` իր հետ հանդիպման եկած երիտասարդներին վստահեցնելով, որ Բաքվի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում։

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները, ըստ Իլհամ Ալիեւի, փակուղի են մտել դարձյալ այն պատճառով, որ ինչպես հայկական կողմը, այնպես էլ միջազգային որոշ շրջանակներ Սաֆարովի հարցը որպես արդարացում օգտագործեցին: Մինչդեռ Ադրբեջանի նախագահի պնդմամբ, գործընթացը փակուղում է, քանի որ պաշտոնական Երեւանը չի ցանկանում փոխել ստատուս քվոն։

«Հայաստանը վստահ է իր սփյուռքի ուժի վրա եւ կարծում է, թե կարող է հավերժ պահել պահպանել այդ ստատուս քվոն», - հայտարարել է Ալիեւն ու ընդգծել, որ թույլ չի տալու, որպեսզի գերիշխող դառնա այն, իր բնորոշմամբ, անարդար մոտեցումը, թե իբր Ադրբեջանի գործողություններն են ձախողում բանակցությունները։

Ղարաբաղյան հակամարտության թեման Ալիեւը նաեւ նախօրեին Բարդայի շրջան այցելության ընթացքում է շոշափել: Տեղի բնակչության հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ասել է, որ լավատես է այս հարցում՝ շեշտելով, որ Ադրբեջանի տնտեսությունն աճում է, մինչդեռ Հայաստանն, ըստ նրա, «շարունակում է դատարկվել աղքատության պատճառով»։

«Գուցե բանակցությունները էլի ինչ-որ ժամանակ շարունակվեն, բայց դրանց ավարտին մենք վերադառնալու ենք մեր տարածքներ», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդն ու ընդգծել, թե չի ցանկանում, որ դրա համար արյուն թափվի, միեւնույն ժամանակ հավելելով, որ պետք է պատրաստ լինել դրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG