Մատչելիության հղումներ

«Աշխարհում 2012-ի վերջին եռամսյակի գործոնը սոցիալական ընդվզումն է»


Stratfor-ի լոգոն
Stratfor-ի լոգոն

Ըստ Stratfor-ի վերլուծաբանների, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում լարվածությունը չի նվազի։

Stratfor (Strategic Forecasting, Inc - «Ռազմավարական կանխատեսում») միջազգային վերլուծական կազմակերպությունը, որի կենտրոնը տեղակայված է ԱՄՆ-ում` Թեքսաս նահանգում, հրապարակել է աշխարհում այս տարվա վերջին եռամսյակում ակնկալվող հիմնական զարգացումների զեկույցը։

Ըստ փորձագետների` հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին մեծ թվով պետություններում ենթադրվում են սոցիալական ընդվզումներ։ Քաղաքական եւ տնտեսական աճող ճնշումների ներքո ավելի բացահայտ կդառնան լիդերների աշխատանքը զսպող գործոնները։

Կշարունակվեն բողոքների ակցիաները Իսպանիայում, Հունաստանում, Պորտուգալիայում։ Եվրոյի գոտու երկրներում կկիրառվեն քայլեր, որոնք թույլ կտան առնվազն որոշ ժամանակով զսպել ֆինանսական ճգնաժամը եւ երաշխավորել տարադրամի հետագա գոյությունը։

Ըստ Տtratfor-ի` Ռուսաստանում լարվածություն կառաջացնեն տեղական ընտրությունները, իսկ ժողովրդի շրջանում է՛լ ավելի մեծ թվով մարդիկ կդժգոհեն նախագահ Վլադիմիր Պուտինի եւ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության աշխատանքից, սակայն Կրեմլի դիրքերը դեռ այնքան ամուր են, որ իշխանությունները հարկ եղած դեպքում առանց վարանելու կդիմեն ճշնող քայլերի։

Պաշտոնական Մոսկվայի համար օրակարգային է մնում ազգամիջյան սրված հարաբերությունների խնդիրը։ Իսլամիստները կակտիվանան ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլեւ բավական կայուն տարածաշրջան համարվող Թաթարստանում։

Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարների համար դյուրին չի լինի 2013-2015 թվականների պետական բյուջեի համաձայնեցումը, քանի որ պետք է գումարներ նախատեսել ե՛ւ սոցիալական ծրագրերի, ե՛ւ բանակի արդիականացման համար։

Stratfor-ի փորձագետների կարծիքով` Կրեմլն ունի բավական միջոցներ առաջին կամ երկրորդ խնդիրը առանձին լուծելու համար, սակայն միաժամանակ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսն ապահովելը դժվար կլինի։

Ըստ զեկույցի` արտաքին ասպարեզում էլ Ռուսաստանի դիրքերը բարվոք չեն. կա լարվածություն թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե՛ Եվրոպայի հետ։

Տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանն անդրդվելի էր Սիրիայի հարցում, ինչը օգտագործվել է որպես հաղթաթուղթ պաշտոնական Վաշինգտոնի հետ հարաբերություններում, սակայն վերջին եռամսյակում Կրեմլը կխուսափի Արեւմուտքի հետ առճակատումից, թեպետ կփորձի ազդեցությունը պահպանել Բաշար ալ-Ասադի վարչակարգին նավթամթերք, զենք եւ վարկեր հատկացնելու միջոցով։

Մոսկվան ընդունում է, որ իր էներգետիկ լծակները Լեհաստանում եւ Բալթյան հանրապետություններում թուլանում են, չորրորդ եռամսյակում Կրեմլը կփորձի «Գազպրոմ» ընկերությանը պաշտպանել Եվրամիության ներկայացրած դատական հայցերից եւ միաժամանակ կշարունակի Բուլղարիայի եւ Խորվաթիայի հետ էներգետիկ գործարքներ կնքելու աշխատանքը։

Stratfor-ի 2012 թվականի վերջին եռամսյակի հնարավոր զարգացումներին վերաբերող զեկույցում չկա անդրադարձ Հարավային Կովկասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG