Մատչելիության հղումներ

Գյուղապետը յուրովի է մեկնաբանում նախագահի հորդորները


Թամադա գյուղապետն ու ծարավ կովերը
please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00

Թամադա գյուղապետն ու ծարավ կովերը

Շաբաթ օրը Ջերմուկում գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց ժողովրդի շրջանում դժգոհության եւ հիասթափության մասին։ Գյուղական համայնքների համաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը կոչ արեց գյուղապետերին ամեն ինչ անել ժողովրդի հավատն ու վստահությունը վերականգնելու համար, ինչպես նաեւ անարդար որոշումներով չնպաստել հոռետեսության խորացմանը։

«Մարդիկ դժգոհ են, մարդիկ դեռեւս հիասթափված են։ Դժգոհություններն առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են, համապետական եւ տեղական իշխանությունների գործունեությունից են, հեռանկարի եւ հույսի պակասից են, տարբեր մակարդակների առաջնորդների հանդեպ հավատի կորստից են: Ձեր յուրաքանչյուր ամբարտավան քայլ, անպատասխանատու արարք կամ անարդար որոշում միանգամից դառնում հավատի կորուստ երկրի եւ նրա ընթացքի վերաբերյալ», - ասաց նախագահը։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այցելել է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղ, որի գյուղապետը նույնպես մասնակցել էր նախագահի հետ հանդիպմանը:

Արամայիս Արամյանը ասաց, թե նախագահը շատ ճիշտ է ասում, երբ խոսում է հավատի կորստի մասին, սակայն հանրապետական գյուղապետը վստահեցրեց, թե ինքն ամեն ինչ անում է այդ հավատը վերականգնելու համար։

«Ճիշտն ասած, վերջին ժամանակներս, գյուղի բոլոր սգո սեղանները ես եմ թամադայում եւ ժողովրդին ասում եմ` եկեք հիշաչար չլինենք, նախանձ չլինենք, դժգոհակամ չլինենք, մեկս մյուսիս կամենանք, եւ դրանով կկարողանանք լուծել շատ մեծ խնդիրներ։ Բոլորի հետ շփվում եմ, նույնիսկ գնալ հետները ուտել-խմել, նստել, կանգնել, բարձրանալ, բոլորի հետ», - ասաց գյուղապետը, ով համոզված է, որ եթե ինքը սգո արարողություններին չմասնակցի` «թաղումը թաղման նման չի լինի»:

Նա պնդում է, թե ճիշտ քաղաքականություն է որդեգրել, գյուղում յուրաքանչյուրի հետ խոսում է իր լեզվով։ Բացի այդ թույլ է տալիս գյուղացիներին անասուններին իր սեփական արոտավայրում արածեցնել։ Ի դեպ, գյուղապետն ասում է, թե Մրգաշենի 2500 բնակիչների 80 տոկոսը հանրապետական է, 10 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, մնացածն էլ կողմնորոշված չեն։

Գյուղապետի կարծիքով` շատ լավ է, որ երկրի ղեկավարը տիրապետում է ինֆորմացիային, ինչը հնարավորություն է տալիս փոխել իրավիճակը։ Արամյանն ընդգծում է, թե ինքն էլ է նույն ոճով աշխատում, փորձում է ամեն ինչ իմանալ գյուղացիների մասին։

«Եթե ինֆորմացիային տիրապետում ես, թե յուրաքանչյուր քաղաքացին քո մասին ինչ ա խոսում, յուրաքանչյուր ընտանիքում ինչ ա կատարվում, կարող ես շատ-շատ երկար աշխատել։ Բոլորի հետ շփվում եմ: Կանչում եմ տղաներին` մի տեղ նստենք հաց ուտելու։ Ընթացքում էնքան մեծ ինֆորմացիա եմ իմանում, որ ոչ մեկը չի իմանում էդքան բան», - ասում է Արամյանը:

Եթե գյուղին մի բան է պետք լինում, հինգ անգամ գյուղապետ ընտրված Արամյանը անմիջապես նամակներ է գրում կառավարությանը կամ դիմում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Նախարարը ծնունդով Մրգաշենից է, եւ այսօր էլ նրա ծնողներն այդ գյուղում են բնակվում։ Ի դեպ, հենց Օհանյանն է ասֆալտապատել գյուղի ճանապարհները։

Մրգաշենի հարեւան Արտամեդ գյուղի անասնապահները շատ ուրախացան, երբ լրագրողի հանդիպեցին ու շտապեցին պատմել, որ գյուղում շատ ծանր իրավիճակ է, ոռոգման ջուրը կտրել են, եւ անասունները ծարավից ուղակի սատկում են։

Անասնապահներ Սարիբեկն ու Հրաչն ասում են, որ ջուրը կտրել են սեպտեմբերի 30-ից, օրենքն է այդպիսին, մեկ էլ ջուր կունենան հաջորդ տարվա մայիսին. - «Ծարավից անասունները դեղնախտ են կպնում»։

Հարցին, թե արդյոք լսե՞լ են նախագահի ելույթը, Հրաչը պատասխանեց. - «Հա', բայց ես անձամբ իմ հավատը կորցրել եմ, որովհետեւ նախագահը էդ լրիվ ասում ա, բայց արդյունք չկա։ Ես անձամբ էդ հիսաթափությունն ունեմ»։

«Այ ցավդ տանեմ, մի հատ կով եմ պահում, էդ կովի կաթից իմ ընտանիքը գոյատեւում է, ես միլիոնատեր չեմ, միլիարդատեր չեմ: Մածուն ենք մերում, պանիր ենք գցում, կաթ ենք խմում ամեն մեկս մի բաժակը` էրեխանց հետ… վերջը, մի հատ էդ հարցը բարձրացրեք, էլի, չի կարելի…», - ավելացնում է Սարիբեկը:

Նրանք նշեցին նաեւ, որ թե գյուղապետը, եւ թե իրենք հանրապետական են, քանի որ «տենց են սիրում»։

«Համ Բարգավաճն եմ սիրում, համ Հանրապետականը, բայց հանրապետական եմ», - ասում է Սարիբեկը:

Չնայած իրենց ծանր վիճակին, անասնապահ Հրաչը, ով մասնագիտությամբ մաթեմատիկոս-ֆիզիկոս է, եւ Սարիբեկը, չէին կորցրել հումորի զգացումը եւ հույսը, որ գյուղապետը ու նախագահը կկարդան կամ կլսեն այս ռեպորտաժն, ու մի բան իրենց կյանքում կփոխվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG