Մատչելիության հղումներ

Ծրագրվում է 3 անգամ ավելացնել գինու արտադրության ծավալները


Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարություն, որը, մինչ գորածկվելը, պետք է հավանության արժանանա վարչապետին կից գործող արդյունաբերական խորհրդում:

«Այս ոլորտը աճի միտում ունի, վերջին 5 տարիներին ոլորտը տարեկան միջին 20 տոկոս աճ է արձանագրել: Ունենք ներդրումների իրականացման ակտիվություն գինեգործության ոլորտում: Կարելի է նշել վերջին շրջանում հիմնված ընկերությունները՝ «Արմենիա վայնը» եւ «Տերասա Արմենիան», - նշում է էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը:

«Արմենիա վայնը» եւ «Գոլդեն գրեյպսը»` որպես մեծ ներդրողներ, 3 տարով ազատվել են ավելացրած արժեքի հարկից: Երկու ընկերությունները միասին ոլորտում ներդրել են մոտ 8 միլիարդ դրամ:

Այսօր Հայաստանում գործում է 20-ից ավելի գինեգործական ընկերություն: Հայկ Միրզոյանին ուղղված հարցին, թե ԱԱՀ-ից ազատված, ոլորտ մտած մեծ ընկերությունները փոքր գինեգործներին շուկայից դուրս չեն մղի՞, Միրզոյանը վստահ պատասխանեց՝ ոչ:

««Արմենիա» -ի նման այլ գործարաններ էլ ունենք, նման ընկերությունները իրենց առջեւ խնդիր են դրել արտաքին շուկա դուրս գալ: Մենք խնդիր ենք դրել մինչեւ 2020 թվականը 2011-ի 5.6 միլիոն լիտրի փոխարեն ունենալ 17.5 միլիոն լիտր գինու արտադրություն, այսինքն մինչեւ 2020 թվականը 3 անգամ ավելացնել գինու արտադրության ծավալները, ինչպես նաեւ արտահանման ծավալները», - նշեց Հայկ Միրզոյանը:

«Չի կարող լինել զարգացած զբոսաշրջություն, առանց գինեգործության եւ գինու զբոսաշրջային երթուղիների», - նշում է իտալացի սոմելիե Լուկա Կանապիկին. - «Հայաստանում վատ գինու կողքին կարելի է հանդիպել նաեւ լավը»:

Կանապիկին 10 միավորանոց սանդղակում հայկական միջին գինին գնահատում է 7-ով:

Սոմելիեներ Լուկա Կանապիկին եւ ֆրանսահայ Սերժ Ղուկասյանը վստահ են, որ եթե գինեգործությունը աստիճանաբար զարգանում է, ապա գինու մատուցման մշակույթը Հայաստանում իսպառ բացակայում է:

«Գինու սպասարկումը Հայաստանում նոր է զարգանում, կան որոշ ռեստորաններ, որտեղ սպասարկումը բարձր որակի է: Կարծում եմ` Հայաստանին իմ եւ Լուկայի պես մարդիկ են պետք, ովքեր կգան ու կսովորեցնեն մարդկանց, որովհետեւ այստեղ մարդիկ հիմար չեն, մեկ անգամ բացատրում ես եւ հասկանում են: Կարծում եմ, որ գինի մատուցելը մշակույթ է, լավ գինին պետք է մատուցվի ճիշտ ջերմաստիճանի եւ գեղեցիկ բաժակներում», - ասում է Սերժ Ղուկասյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG