Մատչելիության հղումներ

Արտգործնախարարության շենքի վաճառքը մտահոգել է ընդդիմադիր պատգամավորներին


Կառավարության որոշումը` վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող արտգորնախարարության շենքը, մտահոգություն է առաջացրել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների շրջանում:

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը շեշտեց, որ հարցը գործարքի թափանցիկությունն է: Գործարքի գինը (51 միլիոն դոլար) Վարդանյանը «նորմալ է» համարում, եւ խնդիրն այլ հարթությունում է տեսնում:

Բանն այն է, որ շենքը վաճառվել է «Տանգո» ընկերությանը, որին տրամադրվել է նաեւ հրդեհի հետեւանքով այրված Արդարադատության նախարարության շենքի տարածքը: Ահա այս տարածքում «Տանգո»-ն կառուցելու է նոր շենք, որը վերը նշված 51 միլիոն դոլարի մի մասով կառավարությունը պիտի գնի արտգործնախարարության համար:

Վարդանյանն ասաց, որ ոչ ոք չգիտի, թե որքան է վճարվելու այդ շենքը «Տանգո»-ից գնելու համար, եւ, ի վերջո, պարզ չէ, թե պետությունը ինչ է շահելու այդ գործարքից:

«Ակնհայտ է, որ այստեղ հանրությունը` այդ թվում Ազգային ժողովը, պատգամավորները, գործարքի թափանցիկության մանրամասներին տեղյակ չեն», - եզրափակեց Աղվան Վարդանյանը` նաեւ տեղեկացնելով. - «Մենք հենց այսօր քննարկեցին եւ որոշեցինք, որպեսզի տնտեսական հանձնաժողովը քննարկում կազմակերպի, եւ կառավարության ներկայացուցիչները գան եւ դետալ առ դետալ այս հերթական գործարքի մանրամասները ներկայացնեն»:

Նույն հարցի առնչությամբ իր վրդովմունքը հնչեցրեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` հայտարարելով - «Կուզեի, որ հաջորդը լինի կառավարության շենքը` ամբողջ կազմով, հաջորդը` երեւի Մատենադարանը, Օպերայի շենքը… Ուղղակի չէր կարելի այդպիսի բան անել»:

Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համաձայն չէ ընդդիմադիր գործընկերների հետ: Սահակյանը խորհուրդ տվեց, թե պետք է «սովորել հավատալ իշխանությանը»` այդպես էլ, սակայն, չասելով, թե անձամբ ինքը ուզում է, որ այդ շենքում հյուրանոց լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG