Մատչելիության հղումներ

Ասիական բանկը Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրում է զուսպ լավատեսությամբ


Զարգացման ասիական բանկի լոգոն
Զարգացման ասիական բանկի լոգոն

Ադրբեջանի պարագայում բանկի մասնագետներն ավելի հոռետես են, իսկ Հարավային Կովկասում ամենաբարվոք տնտեսական իրավիճակը, ըստ նրանց, Վրաստանում է:

Զարգացման ասիական բանկը հայաստանյան տնտեսության վիճակը բնութագրում է զուսպ լավատեսությամբ:

Հետխորհրդային տարածքի եւ ասիական մի շարք պետությունների տնտեսական հեռանկարներին նվիրված զեկույցի` Հայաստանին հատկացված գլխում ասված է. - «2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվեց ՀՆԱ-ի 4.7 տոկոս աճ, որի հիմքը արդյունաբերությունն էր, ինչպես նաեւ ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտները: Սրան զուգահեռ` շինարարության ոլորտը երկում շարունակում է լճացած վիճակում մնալ»։

Բանկի մասնագետները նշում են, որ արտահանման եւ մասնավոր սպառման ծավալների դինամիկան դրական է, սակայն «հանրային ծախսերն ու ներդումները նախորդ տարվա համեմատ նվազել են»:

Զեկույցի հեղինակները նաեւ նկատում են, որ 2012-ի առաջին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշներն ավելի բարձր էին, քան կանխատեսել էին Ասիական բանկի մասնագետները նախորդ տարի: «Արդյունաբերության, գյուղատնտեսության, արտահանման ոլորտներում նկատվող միտումները մեզ հնարավորություն են տալիս 2013-ի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացնել մինչեւ 4.5 տոկոս», - նշում են զեկույցի հեղինակները` հույս հայտնելով, որ հայկական ծագման ապրանքների 60 տոկոսի համար արտահանման շուկա հանդիսացող Եվրոպայում առկա ճգնաժամը չի ազդի հայաստանյան տնտեսության աճի տեմպերի վրա: «Հայաստանի տնտեսության վրա դրականորեն կազդի նաեւ մասնավոր տրանսֆերտների ծավալի զգալի աճը», - պնդում են բանկի մասնագետները:

Ադրբեջանի պարագայում Զարգացման ասիական բանկում անհամեմատ ավելի հոռետես են. - «Առաջին կիսամյակում տնտեսական աճի ծավալներն Ադրբեջանում 1.5 տոկոս են կազմել: Արդյունահանվող նավթի ծավալների նվազումը վտանգում է հետագա աճի ակնկալիքները: Չնայած այդ իրողությանը` Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հակված մնալ հավակնոտ ենթակառուցվածքային եւ սոցիալական ծրագերի իրագործմանը»:

Ասիական բանկի մասնագետները նկատում են, որ Ադրբեջանում տնտեսության` եկամուտ ապահովող առանցքային ճյուղը շարունակում է մնալ նավթարդյունաբերությունը: «Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից իրականացվող փոխանցումները շարունակում են հանդիսանալ երկրի պետբյուջեի համալրման գլխավոր աղբյուրը», - նշում են զեկույցի հեղինակները:

Իսկ Հարավային Կովկասի երեք պետություններից ամենաբարվոք տնտեսական իրավիճակը, ըստ Ասիական բանկի ներկայացուցիչների, Վրաստանում է:

«2011-ին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը` 7 տոկոս, պահպանվում են: Այս տարվա առաջին երեք ամիսներին Վրաստանում ՀՆԱ-ի աճի ծավալը կազմել է 6.8 տոկոս: Աճը խթանող հիմնական գործոնները ընտրություններից առաջ` կառավարության կողմից իրականացվող հանրային ծախսերն ու ենթակառուցվածքային ծրագրերն են, ինչպես նաեւ ուղղակի արտաքին ներդրումները», - ասված է զեկույցում։

Վրացական տնտեսության ամենաարագ աճ արձանագրող ոլորտը, ըստ զեկույցի հեղինակների, շինարարությունն է` 26 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG