Մատչելիության հղումներ

Օսկանյանի հարցով խորհրդարանը կքվեարկի վաղը


Վարդան Օսկանյանը (ձ) խորհրդարանի դահլիճում, 1 հոկտեմբերի, 2012
Վարդան Օսկանյանը (ձ) խորհրդարանի դահլիճում, 1 հոկտեմբերի, 2012
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային ժողովում քվեարկության կդրվի վաղը: Այսօր Աղվան Հովսեփյանը հիմնավորեց իր միջնորդությունը եւ պատասխանեց պատգամավորների հարցերին:

«Ես գող չեմ», - ի պատասխան գլխավոր դատախազի հնչեցրած մեղադրանքների ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հավելելով, թե այս ընթացքում ինչ արել է, արել է ի նպաստ իր հիմնած Սիվիլիթաս հիմնադրամի, եւ եթե եղել են բացթողումները, դրանցում միտում չկա:

Վիճահարույց գումարները, ըստ Օսկանյանի, խորհրդակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ, անցած շաբաթ օրը ամբողջությամբ փոխանցվել են հիմնադրամի հաշվեհամարներին. - «Այստեղից լումա պակաս չէ: Գնացեք, ստուգեք: Ինչի՞ս են պետք Հանթսմանի փողերը»:

«Փողը կա, բողոքը չկա: Ի՞նչ ասեմ ես», - տարակուսեց նա` շարունակելով. - «Ես կարծում եմ, որ սա փոթորիկ է ոչ ինչ-որ բաժակի մեջ: Սա նույնիսկ փոթորիկ չի մատնոցի մեջ»:

Նախկին արտգործնախարարը այս ամենի մեջ քաղաքական դրդապատճառներ է տեսնում: Հայաստանը, նրա ձեւակերպմամբ, վերադարձել է 37 թիվ. - «Մարդ լինի, հոդված կգտնեք: Մեր երկրի խնդիրները թողած` 10 տարվա արտգործնախարարին դրել եք այստեղ, այսպիսի հարցադրումնե՞ր եք անում»:

Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործը հարուցվել է փողերի լվացման հատկանիշներով: Գլխավոր դատախազը, ով այսօր միջնորդում էր Ազգային ժողովին հավանություն տալ Վարդան Օսկանյանին իբրեւ մեղադրյալ այդ գործում ներգրավելու համար, ասաց, որ Օսկանյանը զբաղվել է փողերի յուրացմամբ` տարբեր հաշվեհամարների գումարներ է փոխանցել` փորձելով օրինականացնել դրանք: Խոսքը 520 միլիոն դրամի կամ ավելի քան մեկ միլիոն 400 հազար դոլարի մասին է, որը գոյացել է Հայաստանում «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության վաճառքից: Ընկերության սեփականատերն իբրեւ նվիրատվություն Սիվիլիթաս է ցանկացել տալ այդ փողերը` Վարդան Օսկանյանի միջոցով:

Նշված գումարը փոխանցվել է Օսկանյանի հաշվեհամարին, որից 181 հազար դոլարը, ինչպես հայտարարեց Աղվան Հովսեփյանը, նախկին արտգործնախարարը անձնական նպատակով է օգտագործել:

Փաստորեն տուժողը այս գործում Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթասն է, որը բողոք չունի: Պատգամավորներին այս փաստը տարօրինակ թվաց: Գլխավոր դատախազը հակադարձեց. - «Կարեւոր չէ, թե Սիվիլիթաս հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը ինչ մտերմական հարաբերությունների մեջ գտնվում կամ չի գտնվում Վարդան Օսկանյանի հետ: Նրանք առնվազն կարող են քաղաքացիական հայց չներկայացնել»:

Գլխավոր դատախազը պնդեց, որ պարզապես համընկել է այն, որ իրավապահների սկսել են հետաքրքրվել Օսկանյանով, երբ նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ:

Վարդան Օսկանյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ տեղի ունեցողը իր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ ուղղված քաղաքական պատվեր է. - «Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների, եւ այս գործը ԲՀԿ-ի վրա հնարավորինս կոշտ ճնշում բանեցնելու փորձ է: Այս իշխանությունները քաղաքական ընդդիմախոսների հետ խոսում են պատանդի լեզվով»:

Խորհրդարանական մեծամասնության` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց. - «Չհավատաք, որ Հանրապետականը հակադրվի «Բարգավաճ Հայաստան»-ին: Մենք միասին ճանապարհ ենք անցել»:

Վճռորոշ քվեարկությունը` վաղը

«Բարգավաճ Հայաստան»-ը կոչ արեց չմասնակցել քվեարկությանը: ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը ընդունել են այդ առաջարկը: ՀԱԿ-ը իր որոշումը դեռ չի ցանկանում բարձրաձայնել:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրենք փակ գաղտնի քվեարկության ժամանակ լքելու են Ազգային ժողովի շենքը: Նրա խոսքով` հարցականի տակ է խորհրդարանի հետագա աշխատանքներին մասնակցելու հարցը:

ՀՀԿ-ն վերջնական որոշումը կկայացնի եւս մեկ անգամ քննարկելուց հետո: Սակայն, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով, իրենք կողմ են «գործի ամբողջական քննությունն ապահովելուն»:
XS
SM
MD
LG